«Փախստականները չէին կարող իրենց հետ ահաբեկչություն բերել Գերմանիա». Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ փախստականները չէին կարող իրենց հետ ահաբեկչություն բերել ԳՖՀ, տեղեկացնում է Reuters-ը:

«Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ գոյություն ունեցող եւ Սահմանադրության հիման վրա գործող իսլամը Գերմանիայի բաղկացուցիչ մասն է»,- գործակալուկթյունը մեջբերել է գերմանական կառավարության ղեկավարի խոսքը:

Մերկելը նաեւ նշել է, որ Գերմանիայից բազմաթիվ մարդիկ են ուղեւորվել՝ միանալու ծայրահեղականներին: «Այդ խումբը մեզ անհանգստացնում է արդեն մի քանի տարի»,-հավելել է կանցլերը:

ԳՖՀ-ի հատուկ ծառայություններն օգոստոսի 15-ին հայտնել են փախստականների համար նախատեսված ապաստարանների միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար հավաքագրման հարյուրավոր դեպքերի մասին:

Դրանից կես տարի առաջ Գերմանիայի հակահետախուզությունը պատմել է միգրանտների շարքերում ԻՊ-ի զինյալների մասին: Տեղեկացվել է, որ ծայրահեղականները կարող Էին Գերմանիա ներթափանցել մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան երկրներից՝ փախստականների տեսքով:

Հունիսին ԳՖՀ-ի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ երկրից ավելի քան 800 մարդ է մեկնել Սիրիա եւ Իրաք:

Միգրացիոն ճգնաժամը, որը 2015 թվականին ծայր է առել Եվրոպայում, առավել նկատելիորեն հարվածել է Գերմանիային, որն ընդունել Է 1 միլիոնից ավելի փախստականների: Պաշտոնական կանխատեսման համաձայն՝ 2016 թվականին Գերմանիայում կգրանցվեն ապաստանի՝ եւս շուրջ 800 հազար հայցորդներ: Մերկելի վարած միգրացիոն քաղաքականությունը լուրջ տարաձայնություններ է առաջացնում գերմանական հասարակության մեջ: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Գերմանիայի քաղաքացիների 52 տոկոսը հավանություն չի տալիս փախստականների նկատմամբ կանցլերի գործողություններին:

Լուսանկարը` Reuters

Տեսանյութեր

Լրահոս