Սիրիայի բանտերում ավելի քան 18 հազար մարդ է մահացել. Amnesty International

Շուրջ 18 հազար մարդ է մահացել Սիրիայի բանտերում 2011-2015թթ., ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, հայտնում է BBC-ն:

Իրավապաշտպան կազմակերպությունում պնդում են, որ զեկույցը պարունակում է հարցազրույց 65 մարդու հետ, որոնք կտտանքների են ենթարկվել: Վերջիններս բռնությունների շոկային պատմություններ են պատմել բանտերի մասին:

Amnesty-ի տվյալով`Սիրիայում պատերազմն սկսելուց ի վեր` 2011 թվականի մարտից մինչև 2015թ. դեկտեմբերը երկրի բանտերում մահացել է 17723 մարդ:

Միջինը` զոհերի թիվը կազմել է օրական 10 մարդ: Կալանավորները հաճախ դաժան ծեծի են արժանանում բանտապահների կողմից բանտում հայտնվելուն պես, ասվում է զեկույցում:

Դրան հաճախ հաջորդում են ստուգումները, որոնց ընթացքում կանայք  ենթարկվում են սեքսուալ բռնությունների:

«Իրենց մրցակիցներին կոտրելու համար սիրիական իշխանությունները տասնամյակներով օգտագործել են կտտանքներ: Այսօր կտտանքները կրում են պարբերական բնույթ և կիրառվում են այն քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու մեջ»,- հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Amnesty-ի ներկայացուցչության տնօրեն Ֆիլիպ Լյութերը:

Նրա խոսքով` նման մեթոդների կիրառումն այդ մասշտաբներում կարելի է որակել որպես մարդկության դեմ գործած հանցագործություն:

Amnesty-ն կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես ՌԴ-ին և ԱՄՆ-ին, ճնշում գործադրել Դամասկոսի վրա` կտտանքները, բռնաբարությունները և ծեծը կասեցնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս