31-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել 57-ամյա կնոջը բռնաբարելու համար

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 31-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել 57-ամյա կնոջը բռնաբարելու և գողություն կատարելու մեջ։ Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Ինչ մեղադրանք է առաջադրվել

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ձայն տալով՝ ճշտել է, որ նշված տնակի բնակիչը տանը չէ, որից հետո հարևան տնակի բնակչին բռնաբարելու դիտավորությամբ մուտք է գործել վերջինիս տնակ, նրա նկատմամբ բռնություն գործադրել` հրել-գցել մահճակալին, ֆիզիկական ուժի գործադրմամբ ոտքերը հեռացրել միմյանցից, քաշել, հանել է ներքնազգեստը, սպառնացել է գործադրել բռնություն` վերցրել է մահճակալի հարևանությամբ դրված ափսեն, սպառնացել է դրանով հարվածել գլխին, հաղթահարել է դիմադրությունը և նրա կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ:

Նրան մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գողացել է բջջային հեռախոսներ, կանացի մեկ զույգ երկարաճիտ կոշիկ, հեռուստացույց, 1 շիշ 0.5լ տարողության ռուսական օղի և 1 հատ 2 լիտր տարողության ապակյա բանկայով լի մեղր: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանավորումը:

Ինչ ցուցմունք են տվել տուժողն ու ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը գողության համար առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, իսկ բռնաբարության հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ: Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում տղամարդը ցուցմունք է տվել այն մասին, որ քարին նստած օղի է խմել: Փողոցի կողմից եկել է մի կին և իրեն առաջարկել գնալ նրա տնակ և իր հետ օղի խմել: Միասին գնացել են այդ կնոջ տնակ, մի քանի բաժակ օղի են խմել, որից հետո նշված կինը հագից հանել է հագուստները և առաջարկել իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Ինքը չի մերժել առաջարկը: Բռնություն չի գործադրել, ոչնչով չի սպառնացել, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն չի ունեցել նրա հետ:

Տուժող կինը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալին նախկինում չի ճանաչել, նրան տեսել է միայն երկու անգամ՝ մեկ անգամ, երբ նա եկել էր մի մեծ շան հետ ու իր կարծիքով՝ խմած վիճակում, և հարցնում էր իր հարևանուհուն, իսկ երկրորդ անգամ՝ եկել է գալու հաջորդ օրը և կրկին հարցրել է իր հարևանուհուն:: Նույն օրը որոշ ժամանակ անց այդ տղան նորից է այցելել իրեն, բացել է տնակի դուռը, երբ ինքը զբաղված էր առօրյա գործերով, և իր այն հարցին, թե այդ տղան ինչո՞ւ է նորից եկել՝ նա հարձակվել է իր վրա, բռնել է իր աջ ձեռքից, որը կապված է եղել, քանի որ մի քանի օր առաջ վայր էր ընկել, սեղմել ձեռքը, հրել անկողնու վրա, ձեռքը մեկնելով մոտ 20 սմ հեռավորության վրա գտնվող դռան հետևում դրված թասին՝ սպառնացել է, որ կվնասի իրեն, իր կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Ինքն ամեն կերպ փորձել է դիմադրություն ցույց տալ, ինչ-որ կերպ պաշտպանվել, սակայն ապարդյուն: Սեռական հարաբերությունն ավարտվելուց հետո այդ երիտասարդը հեռացել է իր տնակից: Իր հագին եղած հագուստները ամբողջությամբ արյունոտված են եղել մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով: Ինքը անմիջապես զանգահարել է իր հարևանուհուն և պատմել է կատարվածի մասին: Հարևանուհին իրեն ասել է, որ ինքը նստի տանը, սպասի նրան, նա հիմա կգա: Ինքը գտնվելով հարևանուհու ազդեցության տակ՝ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն կատարվածի վերաբերյալ, սակայն իրականում չի ցանկացել դիմել Ոստիկանություն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս