
Ուսումնական փուլի մեկնարկ ՊԲ-ում

Օգոստոսի 16-ին պաշտպանության բանակում մեկնարկել է 2016թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:
Մասնակցելով արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ամառային ուսումնական փուլի մեկնարկին նվիրված միջոցառումներին՝ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը շնորհավորել է զորամասի անձնակազմին, կարևորել նոր գիտելիքների ու հմտությունների ձեռք բերումը՝ հայրենյաց պաշտպանի սրբազան առաքելությունը պատվով կատարելու և երկրի սահմաններն անառիկ պահելու առումով:
Այնուհետև զորամասի հրամանատարի ուղեկցությամբ հետևելով մեկնարկած մարտավարաշարային պարապմունքների ընթացքին՝ բանակի հրամանատարը դրանք մեթոդապես ճիշտ կազմակերպելու, ինչպես նաև նկատված թերացումներն ու բացթողումները վերացնելու նպատակով տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով մարտական հերթապահության իրականացման հետ անմիջականորեն կապված հարցերին:
Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն