«Գյումրիի ու Վանաձորի ՏԻՄ ընտրություններում շատ հարցեր կլուծվեն փոխադարձ պայմանավորվածությունների շրջանակում». Արթուր Սաքունց

Վաղը՝ օգոստոսի 18-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվում է այս տարվա հոկտեմբերի 2-ին Գյումրիում ու Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը: Այդ ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին, իսկ մասնակիցների գրանցումը՝ սեպտեմբերի 2-ին: Նախընտրական քարոզչությունն իրականացվելու է սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 30-ի ժամը 24:00-ն:

Հայաստանյան հիմնական քաղաքական ուժերը հաստատել են իրենց մասնակցությունը Գյումրիի ու Վանաձորի ՏԻՄ ընտրություններին: Դրանք, հիշեցնենք, անցկացվելու են նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համաձայն, այսինքն՝ ընտրողներն իրենց քվեն տալու են ավագանիներին, որոնք կընտրվեն 100 %-անոց համամասնական ցուցակով, իսկ ավագանիները կընտրեն քաղաքապետերին այնպես, ինչպես Երևանում։

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքական կուսակցությունները տեղերում ունեն կայացվածության և ճանաչվածության մեծ խնդիրներ:

«Կարծում եմ՝ բավականին մեծ դժվարություններ են ունենալու, հատկապես՝ նոր կուսակցությունները: Իսկ հին կուսակցություններից, որոնք երկար ժամանակ են գործում, լուրջ մրցակցություն չեմ սպասում, որովհետև նրանք ավելի շատ գնալու են ավանդական պայմանավորվածությունների: Դրա համար մեծ առումով այստեղ, կարծես, բոլորովին ոչ թե հանրության հետ խոսելու, հանրության շրջանում ճանաչողություն ձեռք բերելու հետ կապված հարցերն են կարևորվելու, այլ ավելի շատ հարցերը կլուծվեն փոխադարձ պայմանավորվածությունների շրջանակում, բացառությամբ նոր կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի», որոնք, ցավոք, դեռևս տեղական բավարար բազա չունեն»,- ասաց Ա. Սաքունցը:

Տեսանյութեր

Լրահոս