Բաժիններ՝

105+ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ Ռիո­-2016-­ի փոխչեմպիոն

Ծանրամարտի 105+ քաշային կարգում պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող երկու ծանրորդներ: Գոռ Մինասյանը զբաղեցրեց 2-­րդ հորիզոնականը նվաճելով արծաթե մեդալ, իսկ Ռուբեն Ալեքսանյանը գրավեց 4-­րդ տեղը:

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում կարողացավ գլխավերևում պահել 210 կիլոգրամ և ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 3-­րդ տեղը:

Հրում վարժությունը հայ մարզիկը սկսեց 236 կիլոգրամով և կարողացավ ֆիքսել քաշը: 2­-րդ մոտեցման ժամանակ Գոռը բարձրացրեց 241 կիլոգրամ, սակայն մրցավարները թերություն տեսան հայ ծանրորդի կատարման մեջ և չհաշվեցին մոտեցումը: 3-­րդ մոտեցման ժամանակ Գոռ Մինասյանը նորից մոտեցավ նույն քաշին և կարողացավ բարձրացնել այն: Երկամարտում մեր մարզիկը հավաքեց 451 կլիոգրամ և, օգտվելով Բեհթադ Սալիմի Կորթազիաբիի բացթողումից, գրավեց 2­-րդ տեղը և Հայաստանի օլիմպիական ընտրանուն նվիրեց 3­-րդ արծաթե մեդալը: Իրանցի Բեհթադ Սալիմի Կորթազիաբին 0 ստացավ հրում վարժությունում:

Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում բարձրացրեց 195 կիլոգրամ: Հրում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ Ռուբենը բարձրացրեց 245 կիլոգրամ: Ալեքսանյանը 2­-րդ և 3-­րդ մոտեցման ժամանակ պատվիրեց 254 կիլոգրամ և չկարողացավ բարձրացնել: Երկամարտում Ռուբենը հավաքեց 440 կիլոգրամ ու գրավեց 4­-րդ տեղը:

Իսկ այս քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեն` 473 լիլոգրամ երկամարտի արդյունքով, գերազանցելով Հուսեյին Ռեզազադեի աշխարհի ռեկորդը` 1 կիլոգրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս