«Սեպտեմբերին Քութայիսից 7 նոր ավիաչվերթ կբացվի դեպի Եվրոպա». Կվիրիկաշվիլի
Վրաստանի կառավարության այսօրվա նիստում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է այն մասին, որ Քութայիսիից 7 նոր ավիաուղղություն կբացվի դեպի Եվրոպա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Սեպտեմբերի 23-ից Քութայիսի միջազգային օդանավակայանում ավելանում է 7 չվերթ Եվրոպայի ուղղությամբ: Մեծ հույս ունենք, որ այս տարի առանց վիզային ռեժիմի հաղորդակցության վերջնական որոշում կստանանք: Մենք ունենք դեպի Եվրոպա 4 ուղղություն, դրան ևս 7-ը գումարելով կստանանք 11 ուղղություն, ինչը փաստացի հնարավորություն է ընձեռում Եվրոպա թռչել մատչելի գնով»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով`ուղևորահոսքի ավելացման սպասարկման համար Քութայիսի օդանավակայանում հավելյալ ենթակառուցվածքային աշխատանքներ կիրականացվեն:
Նրա խոսքով` պլանավորվում է նաև օդանավակայան կառուցել Ամբրոլաուրիում:
«Դա շատ կարևոր է, ինչպես շրջանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջության զարգացման համար: Կարծում ենք` մինչև տարեվերջ օդանավակայանը կհասցնենք աշխատանքային վիճակի, կավարտվի թռիչքուղին»,- ասել է Վրաստանի վարչապետը: