Սենատորն Ալաբամայից սաստիկ զայրացել է՝ իմանալով, որ Ջորջիայի նահանգը Ռիո-2016-ին մասնակցում է առանձին թիմով
Ֆրեդ Կալխունն աշխարհագրություն հաստատ լավ չի սովորել:
Սենատորը բաց նամակ է գրել ՄՕԿ-ին, երբ Խաղերի բացման արարողության ժամանակ տեսել է Վրաստանի պատվիրակությանը:
«Ես հետևում էի խաղերի բացման արարողությանն ընտանիքիս հետ միասին, և ապշեցի՝ տեսնելով, որ Ջորջիային թույլ են տվել մասնակցել խաղերին առանձին թիմով: Ալաբամայի մարզիկներն ամենատաղանդավորներից մեկն են աշխարհում: Մոտ 5 միլիոն մարդկանց անունից ես հարցնում եմ՝ թույլ կտա՞ն հետագայում Ալաբամային մասնակցել Օլիմպիադային, ինչպես Դուք թույլ եք տվել Ջորջիային»,- ասվում է Կալխաունի նամակում, որը մեջբերում է US Daily Mail-ը:
US Daily Mail-ի լրագրողները կապվել են Ջորջիայի մարզական պաշտոնյաների հետ, որպեսզի իմանան՝ արդյո՞ք նրանք տեղյակ են, որ Օլիմպիադային մասնակցում է իրենց նահանգի թիմը:
«Եթե մենք թիմ ունենք Խաղերում, մենք, իհարկե, ցանկանում ենք նրանց մեծ հաջողություններ մաղթել Ռիոյում: Թող ոսկի բերեն տուն»:
Ռիո-2016-ը կավարտվի օգոստոսի 21-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը