Պիեռ Ռիշարը դարձավ 82 տարեկան. Հետաքրքիր փաստեր Պիեռ Ռիշարի մասին
Դերասանը հաճախ նշում է, որ կարիերայի սկզբնական շրջանում իրեն անհեթեթ դերեր են առաջարկել: Վերջին տարիներին կերտած հերոսներն էլ ֆիլմի ավարտին անպայման մահանում են: Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Պիեռ Ռիշարը դառնում է 82 տարեկան:
Տաղանդաշատ դերասանը ծնվել է 1934 թ. օգոստոսի 16-ին տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում: Նրա նախնիներն ազնվականների տոհմից են: Չափահաս դառնալով՝ Փարիզում մասնակցում է դրամատիկական կուրսերի, այնուհետև առանձնանում է ընտանիքից: Մինչ հանրահայտ դառնալը տարբեր ֆիլմերում էպիզոդիկ դերեր է կատարում, սակայն նրան մեծ ճանաչում է բերում Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը» ֆիլմը (1976): Ֆիլմում նրա հերոսը լրագրող Ֆրանսուա Պերենն է: «Խաղալիքը» ժապավենին հաջորդում են Վեբերի «Ձախողակները», «Հայրիկները», «Փախստականները» ֆիլմերը, որոնցում նրա խաղընկերը Ժերար Դեպարդիեն էր: Այս ֆիլմերը երկու դերասաններին էլ մեծ հռչակ են բերում: Ռիշարի հաջորդ նշանավոր աշխատանքներն են «Ծակոց հովանոցով», «Վերելակից ձախ» ֆիլմերը: Հասուն տարիքում նկարահանվել է «Ռոբինզոն Կրուզո» դրամատիկ կինոնկարում, որը մեծ հաջողություն է ունեցել, իսկ 1996 թվականին՝ վրացի ռեժիսոր Նանի Ջորջաձեի «Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսերը» քաղաքական կատակերգությունում: Այս ֆիլմի համար նա Կաննի կինոփառատոնում արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին:
Որպես ռեժիսոր՝ Ռիշարը նկարահանել է «Ցրվածը», «Պատմեք ինձ Չեի մասին» և այլ ֆիլմեր: Այսօր դերասանը սեփական կինոստուդիա ունի՝«Ֆիդելին ֆիլմը»:
Դերասանը խաղացել է 80 կինոնկարում, նկարահանել է 7 ֆիլմ և 11 ֆիլմի սցենարի հեղինակ է:
Հետաքրքիր փաստեր Պիեռ Ռիշարի մասին.
- Արդեն 40 տարի նա երթևեկում է մոտոցիկլետով:
- Տարբեր ֆիլմերում նրա մարմնավորած տարբեր կերպարները հիմնականում երկու անուն ունեն՝ Ֆրանսուա Պերեն և Ֆրանսուա Պինյոն:
- Առաջին մեծ դերը խաղացել է 30 տարեկանում՝ «Երջանիկ Ալեքսանդրը» ֆիլմում:
- Ռիշարը լավ պարող դառնալու մեծ հնարավորություններ է ունեցել: Ականավոր պարուսույց Մորիս Բեժարը Ռիշարին իր բալետի թատերախումբ է հրավիրել:
- Տասնվեց տարեկանում սիրահարվել է Մարինա Վլադիին:
- Հագուստ գնել չի սիրում և կարող է տարիներ շարունակ նույն ոտնամանները հագնել:
- Սիրած կերակուրը սպիտակ գետնասունկն է: