Ռուսական ռմբակոծիչները Համադանի օդանավակայանից առաջին հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին
Իրանի «Համադան» ավիաբազայում տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Տու-22Մ3» և «Սու-34» ռմբակոծիչները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ ռմբակոծիչները, դուրս գալով Համադանի օդանավակայանից, հարվածներ են հասցրել Հալեպ, Դեր Զոր և Իդլիբ նահանգներում գտնվող ԴԱԻՇ-ի և «Ան-Նուսրայի» օբյեկտներին:
Մոսկվայի տվյալներով` ռուսական ինքնաթիռները խոցել են 5 խոշոր պահեստ` լի զինամթերքով, ռազմամթերքով, վառելիքով, զինյալների 1 ճամբար և ահաբեկիչների ղեկավարման 3 կետեր:
Ավելի վաղ Interfax-ը հայտնել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը դիմել էր Իրաքին և Իրանին` խնդրելով թույլատրել թևավոր հրթիռների թռիչքները նրանց օդային տիրույթում: