Թուրքիան 34 երկրից պահանջել է սառեցնել Գյուլենի հաշիվները
Չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ցանցի անդամների ֆինանսական ելքերը կանխելու համար Թուրքիան 34 երկրներից պահանջել է սառեցնել Գյուլենի (Ըստ Անկարայի` Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության – FETO) բանկային հաշիվները:
«Անատոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այդ նպատակով Անկարան պաշտոնապես պահանջ է հղել FATF անդամ երկրներին, որին անդամակցում են նաեւ ԱՄՆ-ն, Գերմանիան, Չինաստանը, Եվրոպայի Խորհրդի երկրները եւ Ծոցի համագործակցության կազմակերպությունը:
Թուրքիան FATF-ի միջոցով նպատակ ունի ամբողջությամբ վերացնել FETO-ի ֆինանսական հենարանները:
Դրա հետ միասին Թուրքիան երկրի բանկերում ներկայում ստուգումներ է անցկացնում: Վերջին տվյալներով` 400 ընկերությունների բանկային հաշիվներն արդեն սառեցվել են, որոնք ենթադրաբար կապված են FETO-ի հետ:
Անկարան հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին: