Բորդյուժան խուսափեց հարցերից
Այսօր ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Այն ընթանում էր փակ ռեժիմով: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտարարեց, որ այս հանդիպումների ձևաչափը թույլ է տալիս քննարկել արդիական հարցեր` հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում, ՀԱՊԿ երկրներում, այդ թվում` Կովկասի տարածաշրջանում, և կազմել կազմակերպության ռազմական հայեցակարգի բաղադիրչները, ինչը և իրենք արել են:
«Օրակարգի հարցերի մի մասը վերաբերում էր կոալիցիոն ռազմական շինարարության զարգացմանը, ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, պետությունների ԶՈՒ փոխգործակցության բարձրացմանը և ՀՕՊ ոլորտում գիտական կառույցների ստեղծմանը»,- ասաց Ս.Օհանյանը` հայտարարելով, որ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին Երևանում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան որևէ հայտարարություն չարեց և չպատասխանեց լրագրողների հարցերին: