Արևմտյան Եվրոպայում քաղցկեղը ճանաչվել է մարդկանց մահվան հիմնական պատճառը
Օքսֆորդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ եվրոպական 12 երկրներում քաղցկեղը դարձել է մահվան գլխավոր պատճառը՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով սրտանոթային հիվանդություններից: Գիտնականները դա բացատրում են սրտանոթային հիվանդությունների եւ կաթվածների դեմ պայքարում բժշկական կազմակերպությունների ջանքերով: Բժիշկների հոդվածը հրապարակվել է European Heart Journal-ում:
Տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայում սրտանոթային հիվանդություններից տարեկան մահանում է ավելի քան չորս միլիոն մարդ (մահվան բոլոր դեպքերի 45 տոկոսը): Սակայն այդ ցուցանիշը նվազել է մի շարք երկրներում, որտեղ այժմ չարորակ ուռուցքներն ավելի շատ տղամարդկանց են սպանում, քան սրտի հիվանդությունները. այդ երկրներն են՝ Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սլովենիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան եւ Իսրայելը: Դրա հետ մեկտեղ Դանիայում եւ Իսրայելում արյունատար համակարգի խախտումները նույնպես դադարել են լինել կանանց մահվան հիմնական պատճառը:
Օրինակ, 2011 թվականին Ֆրանսիայում ուռուցքային հիվանդությունների պատճառով 92 հազար մարդ է մահացել այն դեպքում, երբ սրտի ու անոթների հետ կապված խնդիրների պատճառով մահացել է 64 հազար մարդ: Իսպանիայում այդ ցուցանիշները կազմել են 67 եւ 53 հազար, իսկ Մեծ Բրիտանիայում՝ համապատասխանաբար 87 հազար եւ 79 հազար:
Սակայն Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ ԵՄ-ի կազմի մեջ չմտնող երկրների մեծ մասում սրտանոթային հիվանդությունները մահերի թվով առաջվա պես գտնվում են առաջին տեղում: