Դերասան Օմար Սին դարձել է Ֆրանսիայում առավել մեծ ժողովրդականություն վայելող անձը
Թխամորթ դերասան Օմար Սին առավել մեծ ժողովրդականություն վայելող անձն է դարձել Ֆրանսիայում: Այս մասին վկայում է հրապարակված ավանդական կիսամյա հարցումը, որն անցկացրել է Le Journal Du Dimanche շաբաթաթերթը:
Մավրիտանացի հավաքարարուհու եւ սենեգալցի բանվորի որդին վերջին տարիներին հաջող կարիերա է արել որպես կատակերգակ դերասան: 2012 թվականին նա «Սեզար» մրցանակի դափնեկիր է դարձել տղամարդու լավագույն դերի համար. այդպես է գնահատվել նրա աշխատանքը «Մեկ գումարած մեկ» ֆիլմում: Նույն տարում նա հայտնվել է Le Journal du Dimanche-ի հեղինակավոր վարկանիշում: Այն ժամանակ դերասանը կարծում էր, որ մեկ տարուց ավելի չի մնա այդ վարկանիշում: Իսկ այժմ Սին նախորդ երկրորդ տեղից բարձրացել է առաջին տեղ՝ առաջատարի դիրքից հետ մղելով նշանավոր երգիչ, պոետ եւ կոմպոզիտոր Ժան Ժակ Գոլդմանին, այժմ նրանք փոխվել են տեղերով:
Իր երրորդ տեղը պահպանել է ֆրանսիացիների շրջանում վաղուց ժողովրդականություն վայելող Սիմոնա Վեյլը՝ հայտնի քաղաքական գործիչն ու առողջապահության նախկին նախարարը նախագահներ Վալերի Ժիսկար դ՛Էստենի եւ Ֆրանսուա Միտերանի օրոք, Եվրախորհրդարանի նախկին նախագահը: Վեյլը 50 դիրքից բաղկացած վարկանիշում զգալիորեն առաջ է անցել դրանում տեղ գտած մնացած քաղաքական գործիչներից: Միայն 48-րդ տեղում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, 49-րդում՝ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն եւ վերջին տեղում՝ էկոնոմիկայի ներկայիս նախարար Էմանուել Մակրոնը: Ուշագրավ է, որ բոլոր երեքն էլ չեն թաքցնում իրենց նախագահական հավակնությունները եւ Ելիսեյան պալատի աթոռի համար պատրաստվում են պայքարել 2017 թվականի ընտրություններում:
Չորրորդ տեղը բաժին է հասել երկրի «գլխավոր բժշկին»՝ Միշել Սիմեսին, որը հեռուստառադիոհաղորդումներ է վարում առողջության խնդիրների շուրջ եւ այդ թեմաներով բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ Է: Կես տարում Սիմեսը վարկանիշում բարձրացել է հինգ աստիճանով:
Դերասանների ցուցակը բացում է հինգերորդ տեղում գտնվող Ժան Ռենոն: Նա պահպանել է իր դիրքը, ինչը չի կարելի ասել նրա բազմաթիվ գործընկերների մասին. Ժան Դյուժարդենն իջել է ինն աստիճանով եւ 15-րդ տեղում է: Ժողովրդականության նման անկում է արձանագրել Ժան Պոլ Բելմոնդոն (17-րդ տեղ): Ռենոյին առավել մոտ դիրք է զբաղեցրել վերստին ժողովրդականություն վայելող Սոֆի Մարսոն, որը հայտնվել է վարկանիշի յոթերորդ տեղում: Նրան կարող է նախանձել միայն Մարիոն Քոտիյարը, որը 45-րդ տեղում է, ընդ որում իջնելով ութ կետով: Վստահորեն առաջ է գնում Ժան Ռոշֆորը, որը հասել է 19-րդ տեղին՝ ընդամենը կես տարում վարկանիշում բարձրանալով 12 աստիճանով: Համեմատաբար հաջող կարելի է համարել Դանի Բունի դիրքը, որը 13-րդ տեղում է:
Անսպասելիորեն նկատելի անկում է արձանագրել Շառլ Ազնավուրի ժողովրդականությունը. նա կորցրել է 17 կետ եւ տեղ զբաղեցրել վարկանիշի 33-րդ աստիճանում: Եվ դա այն դեպքում, երբ նրա երգերը մշտապես հնչում են ռադիոյով:
Հարցումն անցկացվել է համացանցով հուլիսի 18-ից մինչեւ 21-ը: Դրան մասնակցել են 15 եւ ավելի բարձր տարիքի հազար քաղաքացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: