
Իսրայելացի զինվորականները քանդել են հրեա աղջկան սպանած պաղեստինցու տունը

Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի Արեւմտյան ափին քանդել են այն պաղեստինցու տունը, որը հրեա աղջկան սպանել էր նրա ննջարանում, տեղեկացնում է BBC-ն:
Իսրայելական բանակի հայտարարության համաձայն, 19-ամյա Մոհամեդ Նասեր Թարայրահը հունիսին մտել է Քիրյաթ Արբա բնակավայր եւ դանակով հարձակվել քնած 13-ամյա Հալել Արիելի վրա:
Ավելի ուշ նա սպանվել Է բնակավայրի պահպանության ուժերի կողմից:
Իսրայելացիների վրա հարձակումներ կատարած պաղեստինցիների տների քանդումը քանիցս հարուցել է իրավապաշտպանների քննադատությունը. նրանք այդ քաղաքականության մեջ տեսնում են հավաքական պատիժ: Նման միջոցների հետեւանքով հաճախ առանց ապաստանի են մնում հարձակվողի ազգականները:
Սակայն Իսրայելի իշխանությունները պնդում են, որ նման միջոցը որպես զսպող գործոն է աշխատում նրանց համար, ովքեր այդօրինակ հանցագործություններ կատարելու մտադրություն ունեն:
Վերջին ամիսների ընթացքում Իսրայելում պաղեստինցիների մի ամբողջ շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելացիների վրա: Անցած հոկտեմբերից այնտեղ զոհվել է շուրջ 250 մարդ, որոնցից 219-ը՝ պաղեստինցիներ, տեղեկացնում Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Շատ դեպքերում դանակներով զինված արաբ դեռահասները հարձակվել են իսրայելացիների վրա եւ զոհվել ոստիկանների կամ զինվորականների գնդակներից: