Ստամբուլում գիշերը 100-ից ավելի մարդ է ձերբակալվել
Ստամբուլի ոստիկանության կողմից գիշերն անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 111 մարդ, որոնք գտնվում էին որոնման մեջ:
Այս մասին հայտնում է թուրքական Haberturk թերթը` նշելով, որ գործողություններն իրականացվել են կապված Թուրքիայում տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման փորձի հետ:
Հատուկ գործողության անցկացմանը մասնակցել են 5 հազարից ավելի ոստիկան: Գործողության ընթացքում ստուգվել են 26 հազար քաղաքացիների փաստաթղթեր, խուզարկվել 6 հազար ավտոմեքենա:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարար զինվորականներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Խռովության կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին, եւ ձգտում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը Թուրքիա: Գյուլենն իր հերթին հայտարարել է, որ ինքը ոչ մի առնչ ություն չունի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը: Ավելին, «Հիզմեթն այսօր» հրատարակությանը տված հարցազրույցում Գյուլենը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարմամբ:
«Էրդողանի խելագարության մասին շատերն են խոսում: Նրա կողքին մշտապես մի քանի բժիշկներ են գտնվում, նա դեղեր է խմում, քանի որ որոշակի խնդիրներ ունի: Նրա շրջապատից մարդիկ ասում են, որ իր նախագահական պալատում նա հոգեկան խանգարման նոպաներ է ունենում», -պատմել է Գյուլենը: Նա խոստացել է կամավոր վերադառնալ Թուրքիա, եթե ապացուցվի հեղաշրջման փորձում իր մեղքը:
Թուրքական «Հուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է, որ «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ անցկացված գործողության շրջանակում 76100 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:
Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում 27 հազարից ավելի կրթության, այդ թվում` 5342 գիտության ոլորտի աշխատակիցներ, որոնցից 4225 ակադեմիական անձնակազմ հեռացվել են աշխատանքից, որոնց այլեւս արգելվել է աշխատել այդ ոլորտում:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ներկայում բերման է ենթարկվել 5171 մարդ, 16899 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածներից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը` զինվորներ, 2288-ը` դատավորներ եւ դատախազներ: 3601 մարդ ազատ է արձակվել, իսկ 7173 մարդ գտնվում է հսկողության տակ, 75 հազար մարդու անձնագրերը չեղյալ են հայտարարվել:
Աֆղան Ալան նաեւ նշել է, որ 162 զինվորականներ, որոնցից 9-ը գեներալներ եւ 96-ը ոստիկաններ, գտնվում են որոնման մեջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված դիվանագիտական ծառայությունից հետ են կանչվել ընդհանուր թվով 208 դիվանագետներ, որոնցից 32-ը սակայն, անհայտ պատճառներով առանց թույլատրության, չեն վերադարձել երկիր: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը հայտարարել է, որ ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերի շարքերից հեռացվել է 3185 զինծառայող:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի զինված ուժերից ներկա դրությամբ հեռացվել կամ ձերբակալվել է անձնակազմի մոտ 1,5 տոկոսը:
Վերջին տվյալներով` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հեղաշրջմանը մասնակից Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին: