Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է վարել
Օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի պատրաստության, զորքերի մարտական և զորահավաքային պատրաստականության, զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, ինչպես նաև առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետության առավել բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ հնչել են համապատասխան զեկույցներ, առկա բացթողումների շտկմանը միտված առաջարկություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն անհրաժեշտ ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները: