Բաժիններ՝

«Ավրորայի» քարտուղարությունը` «հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջադրման մասին. Armtimes.com

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ «հաց հասցնող» Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին:

Armtimes.com-ը «IDEA» հիմնադրամի միջոցով փորձեց հանձնաժողովից տեղեկանալ, թե արդյո՞ք քրեական հետապնդման ենթարկվող անձը կարող է հավակնել «Ավրորա» մրցանակին եւ այլն: Հիմնադրամի հանրային կապերի բաժնիցկայքին  տեղեկացրեցին, որ «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին ընտրում է միջազգային անկախ ընտրող հանձնաժողովը: «Ավրորա» մրցանակի համահիմնադիրներն ու քարտուղարությունը որեւէ ազդեցություն չունեն ընտրող հանձնաժողովի որոշումների վրա:

Այսինքն՝ ընտրող հանձնաժողովի անդամներից, օրինակ, Ջորջ Քլունիի կամ Վարդան Գրեգորյանի կայացվելիք որոշման վրա ազդեցություն չի կարող ունենալ «Ավրորա» մրցանակի եւ 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«IDEA»-ից ստացած պատասխանից պարզ է դառնում նաեւ, որ հանձնաժողովն անարգել կարող է Արթուր Սարգսյանի թեկնածությունն առաջադրել, որպես «Ավրորայի» հավակնորդ: Պարզապես, հիշեցնենք, որ թեկնածու կարող է առաջադրել ցանկացած ոք ցանկացած անհատի՝ անկախ նրա կատարած արարքից, անկախ նրանից, թե նա քրեական հետապնդման է ենթարկվում կամ ենթարկվել: Թեկնածու չի կարող առաջադրվել այնպիսի մարդ, ով երբեւէ ընդգրկված է եղել որեւէ ահաբեկչական կամ ծայրահեղական գործունեության մեջ (այդ թվում՝ Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության կամ այլ ոճրագործության):

Այս տարվա ապրիլին կայացած մրցանակաբաշխության ժամանակ, ի դեպ, 4 հավակնորդից մեկը՝ Սայիդա Ղուլամ Ֆաթիման, իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման իր գործունեության ընթացքում բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Նրան բազմիցս ծեծի են ենթարկել, նրա վրա կրակել են ու վիրավորել, ինչի հետեւանքով այժմ կաղում է եւ չի կարողանում արագ քայլել։

«Ավրորա» մրցանակի թեկնածու առաջադրելու ժամկետը սահմանված է 2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը, որից հետո քարտուղարությունը եւ անկախ դիտորդները հավակնորդների մի մեծ ցուցակ են ներկայացնում ընտրող հանձնաժողովին՝ ընտրելու արժանիներին, որից հետո ընտրող հանձնաժողովը կհայտարարի 2017թ.-ի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները, իսկ 2017 թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը՝ դափնեկրի անվան հայտարարումը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս