Իրավական պարզաբանում՝ ԱԺ պատգամավորներին ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցելը արգելելու վերաբերյալ
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավորներին ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու փաստին.
«ՀՀ Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ ահազանգում են, որ ՀՀ քրեակատարողական վարչության կողմից արգելվում է իրենց տեսակցել քրեակատարողական հիմնարկներում գտնվող «Սասնա ծռեր» խմբի եւ այդ դեպքերի հետ կապված կալանավորված այլ անձանց հետ:
Նշված հարցը կարգավորվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով:
Մասնավորապես՝ նշված օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտքի և ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը, որը տվյալ դեպքում հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարը:
Նույն հոդվածի համաձայն՝ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝ ՀՀ Նախագահը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ սահմանադրական դատարանի և վճռաբեկ դատարանների նախագահները, ՀՀ ԱԺ պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը:
Սա նշանակում է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորը ցանկացած ժամանակ կարող է անարգել մուտք ու ելք կատարել ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր, և այդ իրավունքն իրացնելիս որևէ մեկը չի կարող խոչընդոտել նրանց:
Միաժամանակ, նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Դատելով ահազանգերից՝ ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմինը արգելել է ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունը, որի պատճառաբանությամբ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները թույլ չեն տալիս Ազգային Ժողովի պատգամավորներին հանդիպել կալանավորված անձանց:
Տվյալ դեպքում անհրաժեշտ է հասկանալ, թե արդյո՞ք, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունքը ինքնին ենթադրում է նաև անարգել տեսակցություն ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ:
Անհրաժեշտ է արձանագրել, որ հարցը որևէ նորմատիվ ակտով կարգավորված չէ, այսինքն` խնդիրը բաց է, ինչը թույլ է տալիս քրեակատարողական ծառայությանը յուրովի մեկնաբանել իրավական հիշատակված նորմը:
Այդուհանդերձ, անգամ եթե առկա է վարույթն իրականացնող մարմնի կողմից տեսակցությունների արգելման մասին որոշում, վերջիններս պարտավոր են պարզաբանել և հստակորեն պատճառաբանել, թե ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների տեսակցությունը կալանավորված անձանց հետ ինչո՞վ է հակասում քննության շահերին»: