«Հայաստանում քչերն են հավատում, որ Պուտինի և Սարգսյանի միջև երկխոսությունը կարող է ղարաբաղյան խնդիրը շարժել մեռյալ կետից». Gazeta-ի անդրադարձը Սարգսյան-Պուտին հանդիպմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բանակցություններ վարեցին, որոնք կարելի է առանցքային անվանել Սարգսյանի քաղաքական ճակատագրի համար: Հանդիպումը հատկապես կարևոր է հայ նախագահի համար, որը վերջերս ճնշեց իշխանության դեմ զինված ելույթները և դրանց կրկնություն չի ցանկանում, գրում է Gazeta-ն իր վերլուծականում:
Պուտինի և Սարգսյանի մոսկովյան բանակցություններն առաջինն էին այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահը կարողացավ դուրս գալ ծանր քաղաքական ճգնաժամից, որը քիչ էր մնում վերածվեր ռազմական հակամարտության:
«Ցանկանում եմ ռուսական կողմին հայտնել իմ երախտագիտությունն այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական-դիվանագիտական լուծման համար: Եվ, իհարկե, այստեղ չափազանց կարևոր է, որպեսզի կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հայտարարել էր Սարգսյանը մինչ Պուտինի հետ բանակցությունները սկսելը:
Պուտինն իր հերթին՝ խոստացել է Սարգսյանին պատմել Բաքվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով վերջին բանակցությունների մասին, որն ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Լեռնային Ղարաբաղն առանցքային հարց է Սարգսյանի քաղաքական ապագայի համար: Այդ թեմայի հետ են ուղղակիորեն կապված Երևանում ընդդիմության հուլիսյան անկարգությունները, որոնք ավարտվեցին ոստիկանական գնդի երկարատև պաշարմամբ` կրակոցներով և զոհերով:
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները խոսել են 1 ժամից ոչ ավելի: Պուտինի հայտարարությունը երկխոսության արդյունքներով, այսպես թե այնպես, առնչվում էր երևանյան իրադարձություններին:
«Սերժ Ազատովիչը տեղեկացրեց ինձ Երևանում վերջերս, ես կասեի, ողբերգական իրադարձությունների մասին` կապված պատանդառության հետ: Ես ցանկանում եմ ընդգծել և հիշեցնել, որ Ռուսաստանը հենց ամենասկզբից վճռականորեն դատապարտել է զինյալների այդ ակցիան: Անթույլատրելի ենք համարում խնդրահարույց ներքաղաքական հարցերը լուծել հակասահմանադրական գործողությունների օգնությամբ»,- ասել էր նա:
Պուտինն իր աջակցությունն էր հայտնել անկարգությունների նկատմամբ Սարգսյանի ռեակցիային, ինչպես նաև՝ նշել, որ Հայաստանի տնտեսությունը շահում է ԵՏՄ-ին անդամակցությունից:
Gazeta-ն այնուհետ անդրադառնում է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Էրեբունիի Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը:
Նշվում է, որ զինյալները պահանջում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու
«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը: Պարբերականը վերջինիս բնորոշում է՝ որպես «հեղինակավոր հայ ազգայնական, որը մերժել է Ղարաբաղյան հարցով ցանկացած զիջումները»:
Երևանում անկարգությունները սկսվել էին հենց այն ժամանակ, երբ տարածվեցին Հայաստանի նախագահի` Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «հանձնելու» մտադրության մասին լուրերը:
Նշվում է, որ իշխանություններին հաջողվեց հասնել զինյալների զինաթափմանը, բանտարկել զինյալների հետ կապված ընդդիմադիրներին, սակայն իշխանությունների հաղթանակը Սարգսյանի դիրքերը «միայն մասնակի» ամրապնդեց:
Բացի Ղարաբաղյան հարցից` Հայաստանում զգացվում էր լայն զանգվածների սուր դժգոհությունը` կապված տնտեսական իրավիճակի հետ:
Հայաստանում քչերն են հավատում, որ Պուտինի և Սարգսյանի միջև երկխոսությունը կարող է ղարաբաղյան խնդիրը շարժել մեռյալ կետից, ավելին, բարելավել Հայաստանի տնտեսության ներքին կառուցվածքը, գրում է պարբերականը:
Երկրում սուր են ընկալել Պուտինի վերջին հայտարարությունը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ, որն արվել է Ալիևի հետ հանդիպմանը:
Նա ասել էր, թե ԼՂ խնդիրն անհրաժեշտ է լուծել միջազգային իրավունքին համաձայն և փոխադարձ զիջումների սկզբունքի հիման վրա, «որպեսզի չլինեն հաղթողներ և պարտվողներ»:
Հայաստանում այլ կերպ են կարծում. «Հայերը ոչ ոքի ոչինչ չեն զիջելու»:
Gazeta-ն գրում է, որ իր հարցախույզը ցույց է տվել, որ երկրի քաղաքացիները կարծիք են հայտնել, թե «Պուտինը հերթական անգամ ոտքերը կսրբի Սարգսյանի վրա, որպեսզի լուծի իր աշխարհաքաղաքական խնդիրները»:
Միակ կոնկրետ արդյունքը, որը Սարգսյանը կարող էր ակնկալել Մոսկվայի բանակցություններից, լուծել Հայաստանին մատակարարվելիք ռուսական սպառազինությունների հարցը, որը տրվելու է 200 մլն դոլար վարկի դիմաց:
Երևանի համար Ռուսաստանից զենքը ստանալը գլխավոր առաջնահերթությունն է: Ադրբեջանական կողմն այսօր այդ ոլորտում գերազանցություն ունի, ինչը ցույց տվեց ապրիլյան կարճատև պատերազմի ընթացքում:
Բանակցություններից հետո Պուտինը հաստատեց , որ մատակարարումները կլինեն, սակայն ժամկետներ այնուամենայնիվ չնշեց:
Նա այս մասին հայտարարել է` պատասխանելով հայ լրագրողի հարցին, որը վերաբերել է Հայաստանին և Ադրբեջանին մատակարարվող սպառազինություններին:
«Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա գոյություն ունի Հայաստանի հետ աշխատելու ծրագիր։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և մեր դաշնակիցը, մենք ունենք փոխադարձ պարտավորություններ, և Ռուսաստանը միշտ հավատարիմ է իր պարտավորություններին և մշտապես կատարում է դրանք»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գնել գրեթե ցանկացած զենք:
«Նման երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթարդյունահանող երկիր` արագ աճող տնտեսությամբ, ոսկեարժութային պահուստների բավական մեծ ծավալով, իհարկե, ի վիճակի է զենք գնել՝ որտեղից պատահի»,- ասել է նա` միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:
Դա դարձավ Հայաստանի դժգոհության պատասխանն այն փաստին, որ Մոսկվան մի քանի լուրջ ռազմական պայմանագրեր է կնքել Ադրբեջանի հետ:
Ղարաբաղյան հակամարտության սրման պայմաններում Երևանը չէր ցանկանա տեսնել, թե ինչպես է Ռուսաստանը մատակարարում իր հակառակորդին:
ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Բաքուն պլանավորում էր «եթե ոչ՝ գրավել Ստեփանակերտը, ապա՝ այն արգելափակել»: Դա հեշտ կլիներ անել, եթե «չլիներ հայ զինվորների վճռականությունը»:
Փորձագետի խոսքով` «միայն ուժերի հավասարակշռությունը պայմաններ կստեղծի ԼՂ հարցով բանակցությունների համար»: