«Ի՞նչ փոխզիջում, ի՞նչն ենք ինչի հետ փոխում». Դավիթ Բաբայան. «Հայկական Ժամանակ»

Հարցազրույց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ

– Տարածքների հանձնման վերաբերյալ խոսակցությունները շարունակում են գոյություն ունենալ: «Սասնա ծռեր» խումբը, գիտեք, գնաց կտրուկ եւ ծայրահեղ քայլի՝ դա բացատրելով նաեւ ՀՀ իշխանություններին ԼՂ հարցում զիջումներից հետ պահելու մղումով: Ի՞նչ տեղեկություններ ունեք՝ տարածքների փոխզիջման մասին իրականում կա՞ն քննարկումներ:

– Մենք բազմիցս այդ մասին խոսել ենք: Ո՞վ է տարածք հանձնում, ի՞նչ տարածք են հանձնում: Այդ բոլորը շահարկումներ են: Ընդհանրապես տարածքների խնդիր իհարկե գոյություն ունի, բայց դա միակողմանի չէ եւ դժբախտաբար Ադրբեջանին հաջողվել է այդ հարցն այնքան շահարկել, որ մենք կարծես թե կուլ ենք տվել խայծը եւ իրար ուտում ենք չեղած տեղը: Կիկոսի պատմությունն է դարձել՝ տարածքներ կարող է հանձնվեն, բա որ չհանձնեն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կիկոսություն՝ վտանգավոր շահարկումներով լի, հայության միասնականությունը խարխլող: Եթե մենք խոսում ենք տարածքների մասին՝ պետք է հաշվի առնենք մի բան. տարածքների հարցը միայն Ադրբեջանի կողմից չի արծարծվում: Ի՞նչ է մենք տարածքային խնդիր չունե՞նք Ադրբեջանի հետ. բա Շահումյանի շրջանը, բա Գետաշենը, բա Չարդախլուն, բա ամբողջ Հյուսիսային Արցախը: Այդ տարածքները 15-20 հազար քառակուսի կիլոմետր էին կազմում: Ինչու սա տարածքների խնդիր չէ՞: Ինչո՞ւ են միայն դիտարկում տարածքային խնդիրը Արցախի հաշվին. որովհետեւ Ադրբեջանին հաջողվել է մեր վրա փաթաթել իրականությունից կտրված մի երեւույթ, որը մեր միասնականությունը խարխլում է: Մենք չպետք է այդ խայծը կուլ տանք: Այո, տարածքների հարցը շատ բարդ խնդիր է, որովհետեւ երբ որ նրանք բարձրացնում են այդ հարցը՝ մենք էլ ունենք մեր հարցերը: Դե հիմա եկեք եւ քննարկենք՝ տեսնենք այդ ո՞նց ենք գալիս ընդհանուր հայտարարի:

– Պարոն Բաբայան, այսինքն հիմա չի՞ քննարկվում փոխզիջումների հարց:

– Ի՞նչ փոխզիջում, ի՞նչն ենք ինչի հետ փոխում: Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Գետաշենը ինչի՞ հետ: Երբ որ խոսում են փոխզիջումների մասին, պետք է հասկանալ չէ՞ ինչն է զիջվում: Բայց ես տեսնում եմ, որ ահագին մարդիկ ուղղակի իրենց անձնական շահերն են շահարկում: Ինչ որ մի աննորմալ կարող է կանգնել եւ ասել՝ ղարաբաղցիները հայեր չեն: Եվ մենք լսում ենք դա: Չէ՞ որ այդպիսի աննորմալներ էլ են եղել: Եղել են, չէ՞: Իսկ մյուսները կագնում եւ լսում են՝ փոխանակ քարկոծեն եւ սատկացնեն տեղում: Մենք պետք է շատ զգույշ վերաբերվենք այդ հարցերին: Այո, այդ հարցը կա, բայց սա միանշանակ չէ: Մենք էլ շատ տարածքային խնդիրներ ունենք Ադրբեջանի հետ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս