«ՀՀ-ի համար դրական է ռուս-թուրքական հարաբերությունների «ռե-ստարտը» և ՌԴ-ի ազդեցության մեծացումը տարածաշրջանում»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի կարծիքով՝ վերջին օրերը «բավական ինտենսիվ» էին տարածաշրջանային զարգացումների առումով, որոնք չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ տարածաշրջանային ընդհանուր զարգացումների համատեքստում: Նրա խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների «ռե-ստարտ» է տեղի ունենում:

Նա հիշեցրեց, թե ռուս-թուրքական հարաբերություններն ինչ լարվածության փուլ անցան, որից հետո եղավ այդ որոշակի «ձնհալ» կոչվածը, «սառույցը որոշակիորեն կոտրվեց», բայց որը, ըստ պատգամավորի, չէր բերում հարաբերությունների լայնամասշտաբ և ամբողջական կարգավորման:

«Սակայն այստեղ դեր ունեցան որոշակի կատալիզատորներ, այդ թվում՝ հեղաշրջման փորձը Թուրքիայում, և, իրականում, այս ամեն ինչում շատ մեծ դեր ունեցավ Թուրքիայի այսօրվա բավականին բարդ հարաբերությունները՝ թե՛ Եվրոպական Միության, թե՛ Միացյալ Նահանգների հետ: Այստեղ մենք ունենք լարվածության բավականին հետաքրքիր ֆոն, և այս պարագայում, ինչպես և միշտ, Թուրքիան խաղում է այդ ճոճանակի վրա, որ մի կողմում ինչ-որ բանի հասնելու համար ակտիվացնում է մյուս կողմում իր արտաքին քաղաքական քայլերը և գործողությունները, և Ռուսաստանի հետ հարաբերություններում այս մեծ արագությամբ զարկը պայմանավորված է այս բոլոր իրողություններով»,- նշեց Կ. Բեքարյանը:

Պատգամավորի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների «ռե-ստարտ» է տեղի ունենում և գնում է դեպի դրական միտումներ: Ըստ նրա՝ Հայաստանի համար այդ գործընթացն ունի իր դրական կողմերը. «Երևի բոլորդ շատ լավ հիշում եք, որ այդ սրացման ժամանակ, երբ մենք գնահատում էինք ՀՀ-ի մարտահրավերները՝ չմոռանալով, որ մենք սահմանակից ենք Թուրքիային, չմոռանալով, որ այստեղ առկա է ռուսական բազա, չմոռանալով, որ սահմանը պահպանվում է թե՛ հայ-ռուսական պայմանագրի, թե՛ ՀԱՊԿ-ի ընդհանուր միացյալ գործողությունների և գործառույթների համատեքստում, և, իհարկե, այդ սրացումը ՀՀ-ի համար լրացուցիչ գլխացավանք իր մեջ չէր կարող չպարունակել»:

Կ. Բեքարյանը նկատեց, որ, եթե տարածաշրջանում ինչ-որ իմաստով լարվածություն է թուլանում, դա մեզ համար ունի դրական որոշակի միտումներ. «Դրական միտումների շարքում է նաև այն, որ Ռուսաստանն էապես ավելացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում, սա մեզ համար դրական միտումների դաշտում է դիտվում շատ պարզ պատճառով՝ Ռուսաստանի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ, և երբ դաշնակցիդ հնարավորությունները լայնանում են տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում, դա, բնականաբար, քո համար դրական է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս