Մահմուդ Ահմադինեժադը նախապատրաստվում է Իրանում 2017թ. նախագահական ընտրություններին
Իրանի նախկին (2005-2013թթ.) նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է հասցեագրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում պահանջում է անմիջապես չեղյալ հայտարարել այն դատական որոշումը, որն առնչվում է իրանական սառեցված ակտիվներից Իրանին 2 միլիարդ դոլար չվերադարձնելուն: Որոշումն ընդունվել է ԱՄՆ դաշնային դատարանի կողմից այս տարվա գարնանը՝ վճռելով այդ միջոցներն ուղղել 1983թ. Բեյրութում կատարված ահաբեկչության ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների ընտանիքներին:
«Իրանի ժողովուրդն ակնկալում է, որ Դուք շատ արագ կկարգավորեք սեփականության առգրավման դեպքը և ոչ միայն կվերականգնեք Իրանի ժողովրդի իրավունքները, այլ նաև լիարժեք կփոխհատուցեք պատճառված վնասը»,- ասվում է նամակում:
Ահմադինեժադի կողմից Օբամային նամակ հղելը մեծ արձագանք է ստացել մամուլում, հանրության և պաշտոնատար անձանց շրջանում: Վերջիններս ընդգծել են, որ Ահմադինեժադը կարող է անձնական նամակագրության մեջ մտնել ում հետ ցանկանա, սակայն անընդունելի են համարել այն, որ նա «Իրանի ամենավատ թշնամու» հետ քննարկում է պաշտոնական հարցեր:
Իրանի խորհրդարանի՝ Արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Հեշմատ Ֆալահատպիշեն հայտարարել է, որ Ահմադինեժադի ձեռնարկած արտաքին քաղաքական քայլերը չեն կարող հաջողությամբ պսակվել և միայն կարող են վնասել երկրին:
Իրանական մամուլն իր հերթին՝ գրել է, որ 2017 թվականի մայիսին Իրանում կայանալու են նախագահական հերթական ընտրությունները, և Ահմադինեժադը փորձում է աշխուժացնել հասարակության շրջանում իր անձի հանդեպ հետաքրքրությունը, իսկ Օբամային նամակ գրելն անհաջող PR ակցիա էր: