Տարբեր ծրագրերով կառուցված գազատարները կփոխանցվեն «Գազպրոմ Արմենիային»
2008-2013թթ. ընթացքում որպես նվիրատվություն համայնքների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը փոխանցված գազաբաշխիչ գազատարները կդառնան «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲ ընկերության կրեդիտորական պարտքի դիմաց:
Այսօր կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը զեկուցեց, որ նախատեսվել էր գույքը ներդնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում` համապատասխան չափով ավելացնելով ՀՀ 20% կազմող բաժնեմասը, հետագայում (2014թ.), ընկերության կանոնադրական կապիտալի ՀՀ բաժնեմասը ամբողջությամբ օտարվեց «Գազպրոմ» ՀԲԸ-ին, սակայն որոշումներով նախատեսված գործընթացները չիրականացվեցին, գույքը մնաց ամրակցված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անհատույց օգտագործման պայմանագրերով տնօրինվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:
«Բայց ինչո՞ւ մինչև 2013 թ-ը, 2014-15թթ-ին կառուցված գազատարները ինչո՞ւ չենք ներառում»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ տարբեր ծրագրերով բազմաթիվ գազատարներ են կառուցվել, որոնք ուղղակի շահագործում է «Գազպրոմ Արմենիան» և գուցե դրանք էլ ներառեն:
«Բայց դրանք հանդիսանում են համայնքային սեփականություն,- պատասխանեց Լ.Յոլյանը և շարունակեց,- Ներկայացված գազատարները էներգետիկայի նախարարության հաշվեկշռում գտնվող գազատարներ են: Մի գործողություն ավել պետք է անենք, համայնքներից վերցնենք, նախարարության հաշվեկշռում գրանցենք, հետո փոխանցենք»:
Վարչապետը հանձնարարեց քննարկել հարցը: