«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կա որոշակի տեղաշարժ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգից Թուրքիա վերադառնալուց հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կա որոշակի տեղաշարժ, գրում է թուրքական Akşam թերթը:

Նրա խոսքով` եթե «առաջին հերթին Ադրբեջանի 5 շրջաններն ազատագրվեն հայկական օկուպացիայից», ապա տարածաշրջանում կարող է սկսվել կարգավորման գործընթաց:
«Ողջ աշխարհը գիտի, որ ադրբեջանական տարածքներն օկուպացված են Հայաստանի կողմից: Եթե բոլորը դա ընդունում են, ապա ինչո՞ւ վերջ չտալ այդ օկուպացիային»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանն ավելի քան 23 տարի է, ինչ չեն կարողանում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«Ներկայումս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատում է այդ հարցի վրա»,- ասել է Էրդողանը:

Խոսելով Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափի մասին` Էրդողանը նշել է, որ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան և Ռուսաստանը, դրական են վերաբերվում այդ ձևաչափին:

Նրա խոսքով` Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափի ստեղծման հարցը:

«Նման ձևաչափի ստեղծման հիմնական նպատակը տարածաշրջանի իրադարձություններին հետևելը և վերահսկելն է»,- ասել է Էրդողանը:

Տեսանյութեր

Լրահոս