Թուրք գնդապետները Հունաստանում անհետացել են
Աթենքում Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչ գնդապետ Իլհան Յաշըթլըն եւ Հալիս Թունջը ընտանիքների հետ անհետացել են: Նրանց գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն հունական կողմը չի հայտնել: «Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 7-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հունաստանի ԱԳՆ-ից խնդրել է չեղարկել երկու գնդապետների հավատարմագրումը, ինչը հունական կողմը կատարել է:
Հայտնի չէ, թե գնդապետներն իրենց ընտանիքների 8 անդամների հետ միասին երբ են անհայտացել:
Հունական մամուլի վարկածով, հավանական է` Թուրքիայում կասկածում են, որ գնդապետները կարող է կապեր ունեցած լինեն հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ, ինչի պատճառով էլ թաքնվում են թուրքական հետապնդումներից: Հունական Elefteros Tipos թերթը հավանական է համարել, որ թուրք գնդապետները փախել են Իտալիա:
«Ռոյթեր» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկացի չինովնիկներին, հաղորդել է, որ ամերիկյան Վիրջինիա նահանգում Նորֆոլկ քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ստորաբաժանումում ծառայող թուրքական սպան ապաստան է խնդրել ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ նրան հետ է կանչել թուրքական կառավարությունը` կապված երկրում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ:
Գործակալությունը հաղորդում է, որ դա առաջին դեպքն է, երբ ապաստան տրամադրելու խնդրանքը բխում է ԱՄՆ-ում թուրքական զինծառայողից:
Իր հերթին Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան տեղեկություն չի ստացել Թուրքիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Մուստաֆա Ուղուրլուից այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հուլիսին նրա ձերբակալության հրահանգ են տվել:
«Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըղին, հաղորդել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված 311 զինծառայողներ շարունակում են մնալ որոնման մեջ: Նրա խոսքով` որոնման մեջ գտնվողներից 9-ը գեներալներ են: