Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել մնջախաղի թատրոնների միջազգային 5-րդ փառատոնի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 5-րդ փառատոնի բացմանը:
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնին մասնակցում են թատերախմբեր՝ Հայաստանից, Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Թուրքիայից: Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, մնջախաղին վերաբերող մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ Ելենա Մարկովան:
«Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը» կարգախոսով փառատոնի շրջանակում կցուցադրվեն բացօթյա անվճար ներկայացումներ, կլինեն մնջախաղի վարպետության դասընթացներ, մասնագետները կանցկացնեն նաև պարային մնջախաղի վարպետության դասեր:
Փառատոնի նպատակն է թատերական և մշակութային միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, համաշխարհային թատերական գործընթացներին մասնակցությունը, միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը: Փառատոնը կտևի մինչ օգոստոսի 15-ը: