Հալեպի բժիշկները օգնության խնդրանքով դիմել են Օբամային
Սիրիայի Հալեպ քաղաքի մի խումբ բժիշկներ դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով օգնել հակամարտությունից տուժած 250 հազար տեղացիներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշվում է նամակում, որն ստորագրել է 29 բժիշկ, եթե հիվանդանոցներին ուղղված ավիահարվածները չդադարեն, ապա 1 ամսից շրջանում այլևս ոչ մի բժշկական հաստատություն չի մնա:
Բժիշկները խնդրում են Օբամային Հալեպի երկնքում արգելել թռիչքները, որպեսզի ռմբակոծություններն ամբողջությամբ դադարեն:
Բժիշկների խոսքով` վերջին ամսում 42 հարձակում է տեղի ունեցել Սիրիայի բժշկական հաստատությունների վրա:
«2 շաբաթ առաջ 4 նորածին խեղդվեց այն բանից հետո, երբ պայթյունի հետևանքով խախտվեց թթվածնի մատակարարումը նրանց թթվածնային խցիկներ»,- նշված է նամակում:
«Մեզ պետք չեն արցունքներ, համակրանք կամ աղոթքներ, մեզ չափազանց շատ է հարկավոր արևելյան Հալեպում առանց ռմբակոծությունների գոտի, ինչպես նաև միջազգային հանրության կողմից ձեռնարկվող միջոցառումներ` ուղղված այն բանին, որ Հալեպը այլևս երբեք չի հայտնվի պաշարման մեջ»,- գրում են բժիշկները:
Հալեպի արևելյան հատվածը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո: Վերջին օրերին քաղաքում մարտերն ուժգնացել են: