
Պուտինի և Էրդողանի հանդիպումը ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման նշան է. WSJ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը դարձավ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների վատթարացման հերթական նշանը ռազմական հեղաշրջման փորձից հետո, գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես նշվում է, երկկողմ հարաբերությունները մեկ անգամ չէ, որ նման ճգնաժամային ժամանակներ են ապրել, օրինակ` 1974թ. Կիպրոս թուրքական ներխուժումից հետո և 2003թ. Իրաքում ամերիկյան օպերացիայի ժամանակ, սակայն երկրների ղեկավարներին հաջողվել էր դարձյալ ընդհանուր լեզու գտնել: Հոդվածի հեղինակները, սակայն, վստահ են, որ այս անգամ այլ կերպ կլինի:
Ներկայումս Անկարան և Վաշինգտոնն ունեն բազմաթիվ տարաձայնություններ, ասվում է հոդվածում: Դրանք վերաբերում են Սիրիային, «Ինջիրլիք» ավիաբազային, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացմանը, Իրանի դեմ պատժամիջոցները շարունակելու անհրաժեշտությանը, Իրաքի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև քրդերին ցուցաբերվող աջակցությանը, որոնց ԱՄՆ-ն հուսալի դաշնակիցներ է դիտարկում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Վերջերս տեղի ունեցած ձախողված հեղաշրջումը Թուրքիայի զայրույթը հարուցեց ԱՄՆ-ի նկատմամբ, ինչը խորացրեց հարաբերությունների ճգնաժամը, գրում է WSJ-ն:
Ինչպես հայտնի է, հեղաշրջման փորձից հետո Սպիտակ տունը երկու անգամ հայտնել է իր աջակցությունը «ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարությանը»: Անկարան կարող էր խլացնել երկրում տարածված դավադրության տեսությունը, որը Վաշինգտոնին մեղադրում է հեղաշրջման կազմակերպման մեջ, սակայն դա չարեց: Պարբերականի կարծիքով` ԱՄՆ-ի ռեակցիան թուրքական կողմի բոլոր մեղադրանքներին եղել է «երկչոտ»:
Հոդվածում ասվում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում եկել է «ճշմարտության պահը»: Ամերիկացի քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ Անկարային և Վաշինգտոնին այլևս չեն միավորում ընդհանուր արժեքներն ու հետաքրքրությունները:
Հոդվածագրերը խորհուրդ են տալիս ԱՄՆ-ին որոնել «ավելի հուսալի դաշնակիցներ»: