
Վախճանվել է ամենահարուստ հողատերերից մեկը՝ Վեստմինստերի վեցերորդ դուքսը

Կյանքի 65-րդ տարում վախճանվել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ հողատերերից մեկը՝ Վեստմինստերի վեցերորդ դուքս Ջերալդ Քավենդիշ Գրոսվենորը:
Դքսի ներկայացուցչի խոսքով՝ նա հանկարծ իրեն վատ է զգացել, երբ ստուգում էր իր կալվածքներն Անգլիայի հյուսիս-արեւմուտքում, տեղեկացնում է BBC-ն:
Վեստմինստերի դուքսին ընդարձակ հողամասեր էին պատկանում Անգլիայի եւ Շոտլանդիայի հյուսիսում, ինչպես նաեւ 121 հեկտար մակերեսով հողամաս՝ Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում:
2016 թվականին Sunday Times թերթը դքսի կարողությունը գնահատել է 9,35 միլիարդ ֆունտ (12 միլիարդ դոլար): Սակայն Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո նրա ակտիվների արժեքը գրեթե 1 միլիարդ դոլարով նվազել է:
Հանգուցյալ դքսի նախահայրը՝ սըր Թոմաս Գրոսվենորը, 1677 թվականին ձեռք էր բերել ճահճացած հողամաս, որտեղ ժամանակի ընթացքում հայտնվեցին Լոնդոնի երկու էլիտար շրջանները՝ Մեյֆերը եւ Բելգրավիան:
Հանգուցյալն ունի միակ որդի՝ Հյու Ռիչարդ Լուի Գրոսվենորը, որը թագաժառանգ արքայազն Ջորջ Քեմբրիջցու՝ բրիտանական գահի հերթում երրորդ արքայազնի կնքահայրն է: