Բաժիններ՝

«Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որ Թուրքիան իր ներդրումն ունենա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում». Չավուշօղլու

Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջան կատարած իր վերջին այցի ժամանակ իրենք բանակցություններ են անցկացրել «Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա» եռակողմ ձևաչափի ստեղծման մասին:

Նրա խոսքով` Ադրբեջանում այդ գաղափարին դրական են վերաբերվել:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Ռուսաստան այցի ժամանակ կատարվել են այդ հարցի վերաբերյալ քննարկումներ, և Պուտինը դրական է արտահայտվել: Մեր մի շարք եռակողմ մեխանիզմները Բալկաններում, ինչպես նաև նրանք, որոնց կենտրոնում Թուրքիան և Ադրբեջանն են, լավ են աշխատում: Կան քննարկման ենթակա բազմաթիվ տնտեսական, քաղաքական հարցեր, տարածաշրջանային նախագծեր»,- ասել է նա:
Թուրք նախարարը նշել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուրջ սպառնալիք է ներկայացնում Կովկասի համար:

«Նախկինում էլ մենք ջանքեր ենք գործադրել այդ հարցի լուծման համար: Ներկայումս լուրջ ջանքեր է գործադրում Ռուսաստանը: Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի և անձամբ Պուտինի ջանքերն են:

Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների մասնակցությամբ հանդիպում է կայացել: Եթե նայենք Ռուսաստանի առաջարկներին, ապա մենք կտեսնենք, որ դա այն նույն առաջարկն է, որը մենք մի քանի տարի առաջ առաջարկել ենք Հայաստանին:
Ռուսաստանն ու մեր ադրբեջանցի եղբայրները ցանկանում են, որպեսզի մենք մեր ներդրումն ունենանք այդ հարցում:

Մենք մեր հերթին կանենք հնարավոր ամեն բան, ինչ մեզնից կախված է` տարածաշրջանի ապագայի և անվտանգության համար:

Եռակողմ մեխանիզմի շրջանակում մենք ունենք հնարավորություն` դա գնահատել»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս