
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունը

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացնի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս փուլում Հայաստանի թիմի մրցակիցները կլինեն Կիպրոսը ներկայացնող «Հապոել»-ը, Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ մանիակս» և Դանիան ներկայացնող «Գենտոֆտե» թիմերը: Մասնակցող թիմերից յուրաքանչյուրն իր երկրի գործող չեմպիոնն է և բավականին բարձր դիրք ունի ֆուտզալի համաշխարհային վարկանիշավորման աղյուսակում:
Խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանն աջակցում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:
Ընթանում են կազմակերպչական վերջին աշխատանքներն առաջնության ընթացքը պատշաճ կազմակերպելու համար: