Անհայտ անձինք Ռիոյում քարկոծել են լրագրողների տեղափոխող ավտոբուսը
Ռիո դե Ժանեյրոյում քարկոծել են լրագրողների տեղափոխող ավտոբուսը, որը երթեւեկում է Օլիմպիադայի մարզական օբյեկտների միջեւ: Բարեբախտաբար, միջադեպի հետեւանքով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, տեղեկացնում է BBC-ն:
Նախ հաղորդումներ էին ստացվել, թե ավտոբուսը գնդակոծվել է հրազենով, սակայն ավելի ուշ պարզվել է, որ անհայտ անձինք քարեր են նետել: Ավտոբուսի երկու լուսամուտները ջարդվել են, սալոնում գտնվող լրագրողներից մի քանիսը թեթեւ վերքեր են ստացել:
«Լսվեց շրխկացող, ճայթուն ձայն: Ավտոբուսը կանգ չառավ, բայց արգելակեց: Բոլորը պառկեցին հատակին, ես նույնպես պառկեցի»,- պատմել է Press Association լրատվական գործակալության լուսանկարիչը:
Ավտոբուսը դուրս էր եկել Դիադորուից և ուղևորվում էր Բարա դա Տիժուկա: Վարորդի խոսքով, սկզբում փոքր աղմուկ է լսել, սակայն մտածել է, որ ներսում լրագրողներից մեկը նկարահանման համար նախատեսված սարաքավորումներից է վնասել: Վարորդը շարունակել է առաջ շարժվել, բայց հետո նկատել է, որ ուղևորները գտնվում են ավտոբուսի հատակին, իսկ պատուհաններից մեկը կոտրված է:
Ավտոբուսի վարորդը արագ հասել է առաջին իսկ պատահած ոստիականական բաժանմունք, տվել է համապատասխան ցուցմունք, և արդեն ոստիկանական մեքնենարի ուղեկցմամբ հասել է Բարա դա Տիժուկա: Հարձակման արդյունքում տուժածներից մեկը կամավոր է Թուրքիայից,իսկ մյուսը` Բելառուսը ներկայացնող լրագրող:
Տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել է միջազգային օլիմպիական կոմիտեն և տվել է իր մեկնաբանությունը. «Մենք տեղյակ ենք կատարվածի մասին և անում ենք ամեն ինչ դեպքի մանրամասները պարզելու համար: Հետաքննությունից հետո սպասում ենք հաշվետվության անվտանգության պատասխանատուներից»: