«Ռեալ Մադրիդ»-«Սևիլիա». Եվրոպական ֆուտբոլի մեկնարկը՝ չեմպիոնների պայքարով
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:30-ից կմեկնարկի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը: Նորվեգիայի Լերկենդալ մարզադաշտում իրար կհանդիպեն Չեմպիոնների լիգայի հաղթող «Ռեալ Մադրիդը» և Եվրոպայի լիգայի հաղթող «Սևիլիան»:
Իսպանական ֆուտբոլը գրավել է ամբողջ Եվրոպան: Որպես այս խոսքերի ապացույց՝ պետք է պարզապես նայել վերջին տարիներին Եվրոպայի Սուպերգավաթում մրցող թիմերին: Չեմպիոնների պայքարում հաղթող մադրիդյան ակումբը կփորձի ապացուցել, որ ամենից ուժեղն է Եվրոպայում, իսկ Եվրոպա լիգայի հաղթող անդալուզական ակումբը կփորձի ցույց տալ, որ հեշտ հանձնվողներից չէ:
Այս խաղին իսպանական երկու թիմերն էլ մոտեցել են կադրային լուրջ խնդիրներով: Մադրիդյան ակումբի կազմից չեն խաղա Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը, Թոնի Կրոսը և, ամենայն հավանականությամբ, Պեպեն:
«Սևիլիան» կադրային խնդիրներ չունի, սակայն ունի նոր մարզիչ, ով առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացնում անդալուզյան ակումբում: Բացի այդ, իսպանական ակումբից հեռացել է թիմի առաջատար Կևին Գամեյրոն:
Բուքմեյքերների կարծիքով՝ խաղի ակնհայտ ֆավորիտը մադրիդյան ակումբն է, սակայն սպասվում է գոլառատ հանդիպում:
Խաղից ժամեր առաջ եվրոպական մամուլում արդեն հայտնվել են թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
Մեծ է հավանականությունը, որ մադրիդցիները խաղը կմեկնարկեն հետևյալ կազմով.
Կիկո Կասիլյա, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Մարսել, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Խամես, Իսկո, Ալվարո Մորատա, Լուկաս Վասկես:
«Սևիլիայի» կազմը կունենա հետևյալ տեսքը.
Ռիկո, Էսկուդերո, Նիկոլաս Պարեխա, Ադիլ Ռամի, Մարիանո, Կրանևիտեր, Ն’Զոնզի, Վիտոլո, Վասկես, Կոնոպլյանկա, Վիետո:
Սիրարփի Աղաբաբյան