ՀՀԿ-ի պարտությունը սկսվելու է Վանաձորից

«Մեր թիրախը գործող իշխանությունն է, և մենք ընդդիմադիր դաշտում թիրախ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով օրերս «Քաղաքացիական պայմանագիր» և իր ղեկավարած կուսակցությունների միջև տեղի ունեցած հեռակա «վիճաբանությունը»:

Ըստ նրա՝ ասուլիսի ժամանակ հնչած հարցին ի պատասխան՝ ոչ ճիշտ գնահատականներ են տրվել «Լուսավոր Հայաստանի» և անձամբ Մարուքյանի գործունեության մասին, ինչին իրենք պատասխանել են. «Ես հույս ունեմ, որ դա ուղղորդված չի եղել ինչ-որ քաղաքական ուժի կողմից: Դա չի այն մշակույթը, որ մենք ցանկանում ենք տեսնել քաղաքական դաշտում»:

Է.Մարուքյանը հայտարարեց, որ իրենց կուսակցութան հանդեպ քաղաքական ճնշումներ են սկսվել դեռ մինչև «Սասնա ծռերի» հետ կապված դեպքերը, որոնք հիմա կուլմինացիայի են հասնում: Նրա խոսքով՝ այն վայրերում, որտեղ իշխանությունը զգում է, որ կարող է պարտվել, «Լուսավոր Հայաստանի» հանդեպ քաղաքական ահաբեկչություն է սկսվում, պարտադրում են, որպեսզի վարձակալած տարածքներից դուրս հանեն կուսակցության գրասենյակները: Նախքան այս, ինչպես նշեց Է.Մարուքյանը, մարզերում իրենց հանդիպումներին ու տեղաշարժին հետևել է ԱԱԾ-ն. «Հսկում են քաղաքական ուժին, թե ինչ են անում, այդ պրոցեսն այն ձևով է արվում, որ մարդիկ վախենան, չուզենան որևէ կերպ ներգրավվել քաղաքական պրոցեսներում»:

Է.Մարուքյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է պայքարը ցանկացած ապօրինության դեմ՝ ցանկացած վայրում: Նա վստահություն հայտնեց, որ իրենք Վանաձորում հաղթելու են, և ՀՀԿ-ի պարտությունը սկսվելու է Վանաձորից. «Գյումրիում էլ նման հնարավորություն կա, դա հիմա քննարկվում է, հնարավոր է նաև դաշինքի տարբերակ, «ԳԱԼԱ»-ի հետ արդեն եղել են բանակցություններ»:

Կարդացեք նաև

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս