Դավիթ Սանասարյանը բժշկական հետազոտություն է անցել
«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Դավիթ Սանասարյանի առողջական վիճակի հետ կապված:
«Դավիթի առողջականով մտահոգված շատ սիրելի՛ հայրենակիցներ,
անչափ գնահատում են ենք, որ այսչափ մտահոգ ու հետաքրքրված եք նրանով: Վստահ ենք` եթե նա տեղեկանա, իրեն շատ երջանիկ կզգա այսքան սիրված լինելու համար: Դավիթի առողջական վիճակի հետ կապված ուզում ենք տեղեկացնել`
Այսօր տեղեկացանք, որ Դավիթն արդեն անցել է բժշկական հետազոտություն:
Նրա երիկամներում ընդամենն ավազ է հայտնաբերված: Նա դեռևս գլխացավեր ունի, անքնություն` հնարավոր է կապված է այն բանի հետ, որ իրեն ոստիկանությունում խոշտանգել էին դեռևս հուլիսի 18-ին, երբ բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նա ուղեղի ցնցում էր ստացել գլխին ստացած ոստիկանների ուժգին հարվածներից հետո, որից էլ կորցրել էր գիտակցությունը:
Չունենք հստակ տեղեկություն, արդյոք ստանում է համապատասխան բուժում: Փաստաբանը նշեց, որ այս պահին տեղյակ չէ` դեղերի կարիք կա արդյոք թե ոչ, բայց եթե կարիք լինի էլ, ըստ նրա դրա հետ կապված որևէ խնդիր առայժմ չկա:
Դավիթի ինքնազգացողության հետ կապված ցանկացած տեղեկության դեպքում անմիջապես կհայտնենք Ձեզ:
Նշենք, որ Դավիթն ուներ երիկամային խնդիրներ և գլխացավեր, և ամսի 30-ի ապօրինի ձերբակալությունից հետո որևէ բժկական հետազոտություն չէր անցել:
Նախաձեռնությունն այս ընթացքում Դավիթի առողջական խնդիրների հետ կապված նամակներ է ուղղել ՀՀ Գլխ. Դատախազին, Մարդու Իրավուքների Պաշտպանին, Հայաստանում գտնվող մի շարք դիվանագիտական կառույցների և հասարարակական կազմակերպությունների»: