
Պուտինի և Էրդողանի հանդիպումն անցկացվում է փակ դռների հետևում

Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում` փակ դռների հետևում, մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում է թուրական TRT Haber հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ Էրդողանը քիչ առաջ է ժամանել Պետերբուրգ:
Սպասվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ռուս-թուրքական հարաբերություններին ութամսյա ճգնաժամից հետո, որն առաջացել էր 2015թ. նոյեմբերին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո:
Էրդողանի այցը Ռուսաստան Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Էրդողանի առաջին օտարերկրյա այցն է:
Թուրքական պատվիրակության կազմում են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին, Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը, Թուրքիայի փոխվարչապետ Ահմեդ Շիշմեքն ու երկրի հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը: