Բաժիններ՝

«Այժմ բոլոր հայ աղջիկները փնտրում են Արամի արտաքինով տղամարդու»

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը կարծում է՝ «Սասնա ծռերի» գործողություններից հետո հայ աղջիկների համար հայ տղամարդու իդեալ է դարձել Պավլիկ Մանուկյանի որդի Արամ Մանուկյանը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Թ. Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ նախկինում հայ աղջիկները նախընտրում էին հարդարած ու «լաքած» մազերով տղաներին, իսկ հիմա նրանց ֆեյսբուքյան գրառումներից պարզ է դառնում, որ նրանց համար որպես տղամարդու իդեալ Արամ Մանուկյանն է. ««Սասնա ծռերի» գործողություններից հետո այդ իդեալը փոխվեց, այժմ բոլորը փնտրում են Արամի արտաքինով տղամարդու, Արամն ուղղակի դարձել է հայ աղջիկների համար հայ տղամարդու իդեալը»:

Ըստ Թ. Հովհաննիսյանի՝ «Սասնա ծռերի» գործողություններից հետո մեր հասարակության մեջ փոխվել են նաև հայրենասիրության մասին պատկերացումները: Նրա խոսքով՝ հայրենասիրությունը միայն կուրծք ծեծելը չէ, այլ գործողություններն են, որոնց մենք ականատես եղանք վերջին օրերին. «Փոխվեց մեր գիտակցության մեջ հայրենասիրության ընկալումը»:

Օրերս ազատ արձակված երաժիշտ Եղիշե Պետրոսյանի մտերմներից Վերա Սիսերյանն էլ նշեց, որ այն, ինչ կատարվեց Պետրոսյանների հետ, չէր ցանկանա՝ որևէ հայ ընտանիքի հետ պատահեր. «Անընդունելի է, որ մեր հայրենիքում անարդարության ենք ականատես լինում։ Մենք այսքան անպատասխանատվությամբ հայրենիքի հետ վարվելու իրավունք չունենք։ Եղիշեն հիվանդանոցից խնդրեց, որ շարունակենք բոլոր քաղբանտարկյալների համար պայքարը, մինչև նրանք ազատ արձակվեն»։ Ըստ նրա՝ այս երկու շաբաթը ժողովրդի մոտ անօգնականության զգացումը չքացրեց և արժանապատիվ ձևով ապրելու փափագը վերահաստատեց:

Երգահան Արտավազդ Բայաթյանն էլ նշեց, որ Ե. Պետրոսյանն իրավունք ուներ իր բողոքը ներկայացնելու, իսկ թե այդ բողոքն ինչ ձևով կլիներ՝ դա ամենևին էլ էական չէ: Ըստ նրա՝ ծիծաղելի է այն երկու ոստիկանների ցուցմունքներն այն մասին, թե Սարի թաղում Եղիշե Պետրոսյանն անկարգություն անելու կոչ է արել, քանի որ Ե. Պետրոսյանը մինչև Սարի թաղ հասնելը վատ է զգացել, և նրան հիվանդանոց են տեղափոխել:

«Այդ մարդիկ ուզում են զրպարտել: Ես շատ մեծ մտահոգություն ունեմ, պատկերացնո՞ւմ եք այն մարդու վիճակը, որը ոչ մեկը չունի իր կողքին, ինչ գործեր կսարքեն նրա գլխին ու կտանեն-կփակեն: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան անպաշտպան են մեր քաղաքացիները: Նստում են և խոսում են ինչ-որ տնտեսական աճերից, իսկ ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես աղքատության եզրին եմ, ու իմ նման հարյուր-հազարավոր մարդիկ կան, էդ ի՞նչ ստից զրույցներ են, ո՞ւմ են ուզում դրանով զարմացնեն: Եթե տան մեջ անընդհատ ցնցումներ են, այդ տունը քանդվելու է՝ անկախ նրանից, թե այդ տունն ով է տնօրինում: Մենք բոլորս էլ մեր երկրի համար պետք է սրտացավ լինենք»,- նշեց Ա. Բայաթյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս