«Ես սթափ եմ, պետք չէ ինձ կոչ անել». Մանվել Բադեյանի պատասխանը՝ Պավել Մանուկյանի՝ սթափվելու կոչին

«Եթե դուք կարծում եք՝ ես սթափ չեմ, ինչո՞ւ եք ինձ զանգել: Ի՞նչ է նշանակում՝ կոչ է անում սթափվելու: Ես սթափ եմ, պետք չէ ինձ կոչ անել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քուվեյթում Հայաստանի դեսպան, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանավորներն ականջալուր կլինե՞ն «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի՝ սթափվելու կոչին:

Մ. Բադեյանը նշեց, որ չի կարդացել իշխանավորներին ուղղված՝ Մանուկյանի նամակը:

Հարցին՝ իշխանության ներկայացուցիչները կարո՞ղ են երբևէ գնալ այդ քայլին, որ իշխանության ղեկավարի հրաժարականը պահանջեն, Մ.Բադեյանը պատասխանեց. «Կարող են, բայց անհրաժեշտությունը չեմ տեսնում»:

Արդյոք նման պահանջի անհրաժեշտություն կառաջանա՞, եթե ապագայում օրակարգ մտնի Ղարաբաղի անվտանգության գոտին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու հարցը, դեսպանը նշեց, որ, եթե դա փոխզիջման արդյունքում լինի, չի առաջանա. «Բայց դա նախօրոք պետք է անպայման քննարկել ժողովրդի հետ: Իսկ եթե դուք կարծում եք, որ առանց փոխզիջման կարող է հանձնում լինի, պարզապես սխալվում եք»:

Տեսանյութեր

Լրահոս