Բաժիններ՝

«Ուշքի՜ եկեք, սթափվե՜ք, վաղն ուշ է լինելու». Պավել Մանուկյանը նամակ է հղել ՀՀ իշխանավորներին

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը, ով հիմա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, փաստաբան Հարություն Բաղդասարյանի միջնորդությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության իշխանավորներին:

«Հայաստանի Հանրապետության իշխանավորներին

Դիմում եմ ձեզ, որպես բանիմաց ու պետականությամբ մտահոգ մարդկանց, քանզի տարիներ շարունակ դուք ձեզ հենց այդպիսին եք ներկայացել: Եթե այդպես է, ուրեմն մեր պայքարի նպատակը նույնն է. կերտել Հային վայել Հայոց պետություն:

Սակայն այդ ճանապարհին մեզ խոչընդոտում է հայաստանյան դրածո իշխանությունը, որն իր նյութեղեն կարիքները բավարարելու համար հանդգնում է արդեն վաճառասեղանին դնել մեր արյամբ ձեռք բերված հողերը:

Դուք, որ պատգամավոր եք կամ նախարար, դատավոր եք կամ դատախազ, մարզպետ եք կամ դեսպան, երբևէ մտածե՞լ եք, որ արցախյան հողերը հանձնելուց հետո, մի օր էլ ձեր աթոռի տակի հողն են հանձնելու:

Մի՞թե դուք հավատում եք, որ փոխզիջում է լինելու, և ոչ թե՝ զիջում, ու ազատագրված տարածքները հանձնելուց հետո ինչ որ ուժեր ապահովելու են մեր հայրենակիցների անվտանգությունը: Մի՞թե ձեզ ոչինչ չի հուշում մեր ժողովրդի դառը պատմությունը` Կարսը, Շահումյանը, և մի՞թե դասեր չեք քաղել անցյալի սխալներից:

Գոնե գիտակցո՞ւմ եք, թե հողերը հանձնելուց հետո որքան է երկարելու Ղարաբաղի սահմանը, և որ այդքան խեղճ ու կրակ ընտանիքների երեխաներ չկան, որ սահման պահեն, ու թշնամին կարող է հասնել տաքուկ անկյուններում պատսպարված ձեր երեխաներին:
Լավ, դրանից հետո ո՞նց եք նախկինի պես փառաբանելու հայոց բանակը և հոտնկայս խմելու այդ հողերը հանձնողի կենացը:

Հասկացե՜ք, ո՜չ Քյոնիքսբերգը, ո՜չ Դանցիգը, ո՜չ էլ Ստրասբուրգը այլևս հնարավոր չէ պատկերացնել Գերմանիայի կազմում, ո՜չ էլ Լվովը կամ Բրեստը՝ Լեհաստանի: Դրանք բոլորն էլ պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքներ են: Մենք էլ, որպես պատերազմում հաղթանակած երկիր, վերականգնել ենք պատմական արդարությունը:

Դուք մեզ քարկոծում եք իշխանության դեմ դուրս գալու համար՝ առանց գիտակցելու, որ դա պայքար է վասն հայրենյաց, և եթե դուք մասն եք կազմում այս ժողովրդի, ուրեմն՝ նաև հանուն ձեզ ու ձեր երեխաների ապագայի:

Դուք, որ քաջալերում եք մեզ վրա կրակողներին ու մեզ բանտարկողներին և կարծում եք, որ ենիչերիների հրոսակախմբի սվիններով ու պետական ահաբեկչությամբ կարելի է պահել այս անմեղսունակների համակարգը՝ չարաչար սխալվում եք, որովհետև չեք հասկանում, որ մենք ոգեղեն ենք, իսկ խաչվածին մահ չկա, և վաղը Սասնա Ծուռ է դառնալու ողջ ազգը:

Դուք, որ սահմանադրություններ ու օրենքներ եք գրում ու փոխում, մեզնից լավ գիտեք, որ Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը լոկ իրավաբանական հասկացություններ չեն. դրանց մեջ ներառվում են մարդ, տուն, ընտանիք, ցեղ, երկիր, պատիվ, արժանապատվություն, հավատ, հավատամք, երազանք ու էլի շատ արժեքավոր բաներ: Մի՜ ոչնչացրեք այդ արժեքները:

Եթե դուք ձեզ հայ եք համարում, լսեք մեր զոհված քաջորդիների հոգիների խռովքը, ըմբոստացեք նրանց արյունը վաճառողների դեմ՝ թեկուզ հանուն ձեր երեխաների հայ մնալու գաղափարի:

Ուշքի՜ եկեք, սթափվե՜ք, վաղն ուշ է լինելու. դուք կամ ընդվզում եք երկիր հայրենին ուրացողի դեմ, պահանջում եք նրա հրաժարականը և մնում եք հայ, կամ ուրանում եք ազգը, ընկնում եք ձեր հովանավորի ոտքերը և վայելում կերակրատաշտից ձեզ բաժին հասած թերմացքը:
Գուցև, երբևէ, մեր ժողովուրդը ձեզ ների իրեն թալանելու և նվաստացնելու համար, բայց տարածքները հանձնելը չի ներվելու:

Պ. Մանուկյան
«Սասնա ծուռ»
07.08.2016թ.
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

13957562_674380582716239_766947094_n

13933173_674380589382905_877384810_n

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս