Բաժիններ՝

Apple-ը 200 մլն դոլարով արհեստական ինտելեկտի մշակմամբ զբաղվող ընկերություն է ձեռք բերել

Apple կորպորացիան ձեռք է բերել Turi ոչ մեծ ստարտապ ընկերությունը, որն զբաղվում է արհեսատական ինտելեկտի մշակմամբ: Գործարքի գումարը, Bloomberg գործակալության տվյալներով՝ կազմել է շուրջ 200 միլիոն դոլար:

Turi-ն զբաղվում է ծրագրային ապահովմամբ, որի շնորհիվ արհեստական ինտելեկտ ունեցող մեքենաներն ու սարքերը կարող են ինքնուսուցվել: Turi ընկերության մշակած ալգորիթմները, մասնավորապես, կարող են վերլուծել օգտատերերի վարքը, նրանց առաջարկել տարբեր խնդիրների լուծման առավել համապատասխան տարբերակները եւ նույնիսկ կարող են հայտնաբերել էլեկտրոնային խարդախության դեպքերը:

Bloomberg-ի տեղեկություններով՝ Apple-ը հեռանկարում կարող է Turi-ի մշակումներն ինտեգրել Siri անվանումով իր ձայնային էլեկտրոնային օգնականին, որը տեղակայված է կորպորացիայի արտադրած սարքերի մեծ մասում:

Ինչպես նշում է գործակալությունը, նոր գնումն Apple-ի հերթական փորձն է արհեստական ինտելեկտի ոլորտի մշակումների բնագավառում առավելություն ստանալու մրցակից ընկերությունների՝ Google-ի, Facebook-ի, Amazon-ի եւ Microsoft-ի շարքում:

Apple-ում հրաժարվել են մեկնաբանել ձեռքբերումը: «Apple-ը պարբերաբար գնում է ոչ մեծ ընկերություններ, բայց մենք չենք քննարկում մեր հետագա ծրագրերն ու նպատակները»,- նշել են կորպորացիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս