«Ես ընդհանրապես զարմանում եմ պարոն Բակո Սահակյանի դիրքորոշման վրա». Արամ Գ. Սարգսյան

«Այսօր, փաստորեն, խնդիրը մտած է փակուղի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա համոզված է՝ խոսք լինել չի կարող տարածքների վերադարձի մասին. «Դա բացառվում է, որովհետև դա նշանակում է՝ կանգնել բնաջնջման շեմին, սա բոլորին է հայտնի, նույն միջնորդները պետք է դա հասկանան՝ հնարավոր չէ խնդիրը լուծել՝ առանց ստանալու ԼՂՀ կարգավիճակ, որը նշանակում է՝ Ադրբեջանի տարածքից դուրս անկախ պետականության կազմավորում: Հիմա ստացվում է փակուղային իրավիճակ, թե ի՞նչ կհետևի սրան, դեպքերի զարգացումը ցույց կտա, բայց Ադրբեջանը բացարձակապես չի ուզում գնալ դրան, Հայաստանը երբեք չի գնա, և նախագահն էլ ասաց այդ մասին: Ուրեմն՝ սպասենք, տեսնենք, թե այս քանի օրն ինչ արդյունք է տալիս»:

Ա. Նավասարդյանը կարծում է՝ առանձնապես ոչ մի նորություն չենք ունենալու, որովհետև, ըստ նրա, մեծ տերություններն էլ, կարծես թե, այնքան էլ շահագրգռված չեն խնդրի վերջնական կարգավորմամբ. «Ղարաբաղը չեն ուզում հանձնել Ադրբեջանին, բայց չեն էլ ուզում տալ ստատուս»:

Լրագրողներից մեկի այն հարցին՝ եթե անգամ ԼՂՀ-ն անկախ պետություն ճանաչվի, ի՞նչ երաշխիք, որ նրա վրա չեն կրակելու՝ հաշվի առնելով, որ հիմա Տավուշի ուղղությամբ էլ են կրակում, Ա. Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ՝ երաշխիք չկա, որովհետև նման քայլի գնալու համար մենք պետք է այս 20 տարին օգտագործած լինեինք: Մենք պետք է կարողանայինք պատրաստել գոնե մի տասը պետություն, որն անմիջապես կկարողանար արձագանքել նման քայլին, բայց այսօր մենք կանգնած ենք մի բանի առջև, որ առանց ԼՂՀ-ի մասնակցության՝ հարցի լուծում չի լինի»:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, ասաց, հիմա պետք է ամեն ինչ արվի, որ այս հարցը տեղափոխվի իրավական հարթություն:

«Ես ընդհանրապես զարմանում եմ այսօր Ղարաբաղի ղեկավարության, պարոն Բակո Սահակյանի դիրքորոշման վրա, որովհետև այս պահին արդեն անհրաժեշտ էր միջամտությունը, կապ չունի՝ իրենք անմիջակա՞ն են բանակցում, կամ այնպես, ինչպես հիմա է կատարվում: Խնդիրը հետևյալն է՝ եթե հարցը հիմա իրավական դաշտ չտեղափոխվի, որտեղ մենք անհամեմատ ավելի ուժեղ դիրքորոշում ունենք, մենք իսկապես տանուլ ենք տալիս: Այսինքն՝ եթե մենք փորձելու ենք միայն քաղաքական կոմպրոմիս գտնել, այդ քաղաքական կոմպրոմիսը լինելու է այդ երկու սկզբունքի արանքում, իսկ դա անհնար է պատկերացնել հայկական կողմի համար: Պետք է հարցին լինի իրավական մոտեցում: Դա կարող է անել ԼՂՀ-ի ղեկավարությունը հենց այսօր, և ես գտնում եմ, որ ժամանակն է, որ Բակո Սահակյանը և այնտեղի պառլամենտն այդ խոսքն ասեն»,- նշեց Ա. Սարգսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս