«ՌԴ-Իրան-Ադրբեջան ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական». Բաքվում Իրանի դեսպան
Ադրբեջան-Իրան-ՌԴ եռակողմ հանդիպումները ապագայում կարող են կրել շարունակական բնույթ, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կարծում եմ` այդ հանդիպումները ապագայում կշարունակվեն, գուցե ոչ երկրների նախագահների մակարդակով, այլ նախարարների: Հնարավոր է, եռակողմ ձևաչափով նման հանդիպումներ անցկացվեն տարին մեկ անգամ»,- հայտնել է իրանցի դիվանագետը երեք երկրների նախագահների հանդիպման նախօրեին:
Իրանցի դիվանագետը նշել է, որ այսօր կայանալիք այցը շատ կարևոր է:
«Դա երեք երկրների միջև նոր գործընթաց է: Մինչ այժմ նման հանդիպումներ չեն անցկացվել: Ե´վ տարածաշրջանային երկրները, և´ մյուս երկրների ղեկավարներն աշխարհում մեծ հետաքրքրությամբ են հետևում այդ հանդիպմանն ու այդ ձևաչափին»,- ասել է իրանցի դեսպանը:
Նրա խոսքով` Բաքուն, Թեհրանն ու Մոսկվան «կարող են ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի, նավթի և գազի ոլորտներում, էլեկտրաէներգիայի մատակարարումների հարցում»:
«Մենք եռակողմ ձևաչափով կարող ենք քննարկել այդ հարցերն ու հասնել լավ արդյունքի»,- ասել է Փակ-Այինը:



