Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը կուժեղացնեն համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվելու են ուժեղացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում, էներգետիկայում և տրանսպորտի ոլորտում, ասվում է RIA Novosti-ի տրամադրության տակ հայտնված հռչակագրի նախագծում:
«Կողմերը մտադիր են ուժեղացնել բազմակողմ համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում` հավասարության և փոխշահավետ սկզբունքների հիման վրա:
Կողմերը դարձյալ հաստատում են տարածաշրջանային և միջազգային համագործակցության հետագա ջանքերի կարևորությունը ներդրումների պաշտպանության և զարգացման ոլորտում և ընդգծում բարենպաստ պայմանների ապահովման անհրաժեշտությունը, ներառյալ բանկային համագործակցության կատարելագործումը, որը նպաստում է ներդրումային նախագծերի իրագործմանը և նոր տեխնոլոգիաների ներգրավմանը»,- ասված է հռչակագրում, որն ընդունվելու է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` Բաքվում կայանալիք գագաթաժողովի արդյունքներով:
Նշվում է նաև, որ «որպեսզի իրենց ներդրումն ունենան տարածաշրջանի տնտեսական աճի և միջազգային էներգետիկ անվտանգության հարցում, կողմերը մտադիր են ուժեղացնել համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում` նպատակ ունենալով զարգացնել տարածաշրջանային, միջազգային էներգետիկ և տրանսպորտային միջանցքները»:



