Բաժիններ՝

Արևմուտքն անհանգստացած է Պուտինի և Էրդողանի հանդիպմամբ. FT

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այս շաբաթ կկատարի իր արտասահմանյան առաջին ուղևորությունը երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո, սակայն բանակցություններ կվարի ոչ թե ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների, այլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Financial Times-ը:

Ինչպես նշվում է, և´ Արևմուտքին, և´ Ռուսաստանին հետաքրքրում է, թե հեղաշրջման փորձից հետո ինչ ճանապարհով կընթանա Էրդողանը, որը կատարվածն արագորեն օգտագործեց երկրում իր մրցակիցներից ազատվելու և զտումներ իրականացնելու համար:

Բացի այդ` Սանկտ Պետերբուրգ այցն ունի աշխարհաքաղական մեծ նշանակություն:
Պարբերականը գրում է, որ Մոսկվային և Անկարային համագործակցության մղեց նաև «Արևմուտքին դաս տալու» ցանկությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման նկատմամբ ընդհանուր հետաքրքրությունը:

Բացի այդ, Թուրքիան ողջունում է Ռուսաստանի անվերապահ աջակցությունը երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Այդ ամենը հակադրության մեջ է մտնում Վաշինգտոնի նկատմամբ Անկարայի հռետորաբանության հետ:

«Մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ վատ են, ինչը չէր եղել վերջին 50 տարում ու դա, անկասկած, գրավիչ է դարձնում Ռուսաստանի հետ բարեկամության հեռանկարները»,- պարբերականի հետ զրույցում ասել է Մոսկվայում թուրք դիվանագետը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:

Սակայն, ինչպես գրում է թերթը, մասնավոր կարգով թուրքական իշխանությունները պնդում են, որ չեն պատրաստվում այրել կամուրջները ԱՄՆ-ի հետ և Ռուսաստանի հետ միություն կնքել: Նրանց խոսքով` Վաշինգտոնի և Անկարայի միջև կապն ուժեղ է, իսկ երկկողմ հարաբերությունները նման դժվարությունների միջով անցել են` 1974թ. Կիպրոս ներխուժումը, Թուրքիայի մերժումը` իր տարածքը տրամադրել ամերիկացի զինվորականներին 2003թ. Իրաք ներխուժման համար, Սադամ Հուսեյնի ռեժիմի ժամանակ Իրաքի քրդերին, վերջերս` նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարող ամերիկացիների օգնությունը:

Դիվանագետները, սակայն, մտավախություն ունեն, որ Անկարան կարող է Մոսկվային որպես լծակ օգտագործել Արևմուտքի վրա ճնշում գործադրելու համար, այդ թվում` Սիրիայի հարցում, գրում է պարբերականը:

Որպես եզրակացություն` FT-ը նշում է, որ չնայած տարածաշրջանային հարցերի նկատմամբ ընդհանուր հետաքրքրություններին, Մոսկվայում և Անկարայում պաշտոնատար անձինք չենք կարող գուշակել Պուտինի և Էրդողանի հանդիպման ելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս