ԱՄՆ-ի կողմից Իրանին վճարված 400 մլն դոլարը Միջուկային գործարքի մաս էր. Իրանի իշխանություններ
Սպիտակ տան կողմից Իրանին փոխանցված 400 միլիոն դոլարը եղել է միջուկային ծրագրի գործարքի մաս, RIA Novosti-ին հայտնել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին:
«Դա եղել է կնքված համաձայնագրի մաս: Դա միջուկային ծրագրի հարցով գործարքի մաս էր»,- հայտնել է իրանցի նախարարը:
«Դա ճիշտ է, նրանք արդեն վճարել են այդ գումարը»,- հաստատել է գործակալության զրուցակիցը:
ԱՄՆ վարչակազմը չի հերքում գումարը փոխանցելու փաստը, սակայն պնդում է, որ խոսքը պայմանագրերի չկատարման վճարումների մասին է: ԱՄՆ-ը համաձայնել է Թեհրանին 1.7 միլիարդ դոլար վճարել Իրանում 1979թ. տեղի ունեցած Իսլամական հեղափոխության հետևանքով կյանքի չկոչված զենքի մատակարարումների համար, որոնց կանխավճարը Վաշինգտոնն ստացել էր ավելի քան 35 տարի առաջ:
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, թե Սպիտակ տունը գաղտնի կերպով Իրանին է փոխանցել 400 միլիոն դոլար կանխիկ գումար:
Նշվում էր, որ տվյալ օպերացիան համընկել է այս հունվարին Իրանում ձերբակալված չորս ամերիկացիների ազատ արձակման հետ:
Աղբյուրները նշում են, որ Իրանին են փոխանցվել եվրոներ, շվեյցարական ֆրանկներ և այլ արժույթներ, բայց ոչ աﬔրիկյան դոլար, քանի որ դա օրենքով արգելված է: ԱՄՆ նախագահի վարչակազմն արժույթը գնել էր Նիդեռլանդների և Շվեյցարիայի Կենտրոնական բանկերից:
Թերթի տվյալով` այդ գումարները բազային վճարումներ են ԱՄՆ-ի և Իրանի միջև 1,7 միլիարդ դոլարի զենքի գործարքի վաղեմի վեճի կարգավորման շրջանակում, որը կնքվել էր դեռ Իրանի շահ Մոհամմեդ Ռազա Փեհլեևիի ժամանակ:
Թեհրանը պահանջել է վերադարձնել 400 միլիոն դոլարը, որը պահվում էր Պենտագոնի հատուկ հիմնադրամում, որպեսզի կարողանա գնել ամերիկյան կործանիչներ: Իրանցիները պահանջում են նաև տոկոսները:



