Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն ու «Թալիբանը» գաղտնի միավորվել են Աֆղանստանի իշխանությունների դեմ. WSJ

Ծայրահեղական «Թալիբան» շարժումն ու ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը Աֆղանստանում ոչ պաշտոնական զինադադար են հայտարարել, որպեսզի արդյունավետորեն հակազդեն աֆղանցի զինվորականներին և նրանց աջակցող ԱՄՆ-ի ուժերին, գրում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով աղբյուրներին:

Նրանց տեղեկություններով` խմբավորումները, որոնք մի քանի ամիս առաջ թեժ մարտեր էին մղում մի շարք շրջանների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար, տեղական մակարդակով կնքել են կրակի դադարեցման և Աֆղանստանի ԶՈՒ-ի և ԱՄՆ-ի դեմ պայքարի մասին համաձայնագիր:

«Վերջին ամիսներին նրանք չեն պայքարում միմյանց դեմ»,- հայտարարել է Աֆղանստանի զինված ուժերի գեներալ Մոհամմեդ Զաման Վազիրին, որը ղեկավարում է զորքերը երկրի արևելյան հատվածում:

Ինչպես նշվում է, ներկայում ԴԱԻՇ-ն իր ջանքերը կենտրոնացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող աֆղանական ուժերի դեմ պայքարի վրա Նանգարհար նահանգում և տեղաշարժվել է հյուսիս` դեպի Կունար նահանգ, որը վաղուց վերահսկվում է «Թալիբանի» կողմից:

Սակայն Աֆղանստանում ԴԱԻՇ-ի ներկայությունը դեռ աննշան է մնում:
Աֆղանական պաշտոնատար անձանց տեղեկություններով` նրանց թիվը թալիբներից մի քանի անգամ պակաս է, և նրանց միջև կնքված զինադադարը կարող է ցանկացած պահի խախտվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս