«Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է կենտրոնանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերի պաշտպանության գործի վրա». Վլադիմիր Կարապետյան

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի կարգավորման այս փուլում Ռուսաստանն առաջատար դերակատարություն ունի: Դրա յուրահատկությունը նրանում է, որ Ռուսաստանը և Պուտինն անձամբ են մասնակցում, և հենց Պուտինն է կազմակերպում և միջնորդում այդ հանդիպումները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ, ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը՝ խոսելով օգոստոսի 8-ին Բաքվում՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների, իսկ օգոստոսի 10-ին Մոսկվայում` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումների մասին:

«Մինչ այդ միջնորդության մակարդակը նշանակալիորեն տարբերվել է՝ եղել է դեսպանների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով, հիմա այլ է, ինչը լրացուցիչ լրջություն է հաղորդում այդ գործընթացին: Մի որոշ ժամանակ առաջ, երբ հայտարարվեց Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման մասին, մեր հասարակությունում հարցեր առաջացան այն կապակցությամբ, որ Պուտինը հանդիպելու է Ալիևին Բաքվում: Թեև եռակողմ ֆորմատով էր այդ հանդիպումը, այնուամենայնիվ, խոսք չկար այս ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ: Բայց շատ արագ ամեն ինչ պարզ դարձավ, որ բանակցություններ վարվել են և պայմանավորվածություններ կան Սերժ Սարգսյանի առանձին այց կազմակերպել Մոսկվա, որտեղ լրացուցիչ ճշգրտումներ կարվեն Բաքվում կայանալիք հանդիպումից հետո: Բնականաբար, շեշտադրումը լինելու է խաղաղ գործընթացը»,- նշեց նա:

Ըստ Կարապետյանի՝ մեր հասարակությունը պետք է համբերությամբ լցվի և ուշի-ուշով հետևի այդ զարգացումներին ու պաշտոնական հայտարարություներին. «Եվ տեսնենք, թե երբ կլինի հաջորդ եռակողմ հանդիպումը՝ բարձր մակարդակի միջնորդությամբ»:

Ինչպե՞ս կազդեն «Սասնա ծռեր» խմբի հետ կապված վերջին շաբաթների դեպքերը Ղարաբաղյան հակամարտության վրա, դրանք թուլացրե՞լ, թե՞ ուժեղացրել են ՀՀ նախագահի դիրքերը Պուտինի հետ հարաբերություններում։ Այս հարցերին ի պատասխան՝ Վ. Կարապետյանը նշեց, որ իրադարձությունների հանգուցալուծումն այնպիսին էր, որ որևէ նշանակալի փոփոխություն Ս.Սարգսյանի դիրքերում չկա. «Ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է կենտրոնանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերի պաշտպանության գործի վրա: Կարծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ վերջին շաբաթների ընթացքում, ԼՂ կարգավորման գործընթացի վրա նշանակալի ազդեցություն չի ունենա: Թող գնա ու պաշտպանի մեր շահերը»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Ս.Սարգսյանի վերջին ելույթում «հողեր հանձնելու» թեմայի մասին հայտարարությանը, ըստ որի՝ միակողմանի զիջումը բացառվում է, և կարող է միայն փոխզիջում լինել, Վ. Կարապետյանը համաձայնեց, որ, բնականաբար, խոսք չի կարող գնալ միակողմանի զիջումների մասին, պետք է ապահովվի փոխզիջում, իսկ դա էլ այնպես պետք է լինի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միայն շահեն:

Վ. Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել երևանյան իրադարձություններում ռուսական հետքի առկայության մասին խոսակցությունները:

«Խնդրում եմ դավադրությունների տեսության շրջանակներում հարցեր մի տվեք: Եկեք այլոց վարկածները չմեկնաբանենք: Լուրջ չեմ համարում նման քննարկումները»,- ասաց նա:

Վ. Կարապետյանը նաև չմեկնաբանեց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, թե Ռուսաստանից ապագաղութացման անհրաժեշտություն կա, և իրենց պայքարն ուղղված է այդ նպատակի իրականացմանը։ «Չեմ կարծում, որ ես պետք է մեկնաբանեմ Վարուժանի հայտարարությունը: Չեմ կիսում նման գնահատականները, թող ինքը մեկնաբանի և բացի իր խոսքերը»:

Վ. Կարապետյանին խնդրեցինք նաև անդրադառնալ ՊՊԾ գնդի զավթման հետ առնչվող զարգացումներին, Ս. Սարգսյանի ելույթի շեշտադրումներին: «Մենք շատ բարդ ժամանակաշրջանով անցանք: Կարծում եմ, որ դրական էր հանգուցալուծումը: Սերժ Սարգսյանն իր մեկնաբանություններով հանդես եկավ, բաներ կան, որ համաձայն եմ, շատ բաներ կան, որ ես այլ կերպ կմեկնաբանեի, այլ կերպ կհարաբերվեի ժողովրդի հետ: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա մենք առաջիկայում ունենք ընտրություններ, բավականին լուրջ ջանքեր ենք գործադրել, որպեսզի այնպիսի փոփոխություններ իրականացնենք Ընտրական նոր օրենսգրքում, որ հնարավորինս նվազեցնենք ընտրախախտումները: Կարծում եմ՝ հասարակությունը պետք է կենտրոնանա այն խնդրի վրա, որ ԸՕ փոփոխություններն ամբողջությամբ կյանքի կոչվեն, քանի որ ԱԺ-ի կողմից դրանք պայմանական են ընդունվել: Այնուհետև պետք է կենտրոնանանք բուն ընտրությունների վրա»,- նշեց Վ. Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս