«Վրաստանի հասարակությունը ցանկանում է ապրել եվրոպական տիպի երկրում». Սոսո Ցինցաձե

«Ընտրողները դեռ չեն կողմնորոշվել, թե ում օգտին պետք է քվեարկեն Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք, որ Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի ութին:

«Վրացական երազանք»՝ 6 կուսակցություններից բաղկացած կոալիցիան, հաղթել էր 2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 54,97 տոկոսը և 82 տեղ զբաղեցնելով խորհրդարանում: Իշխող կոալիցիայի հիմքը կազմող «Վրացական երազանք» կուսակցությունը միայնակ խորհրդարանում 44 տեղ է զբաղեցնում: Այս անգամ կոալիցիայի մաս կազմող մյուս հինգ կուսակցությունները պատրաստվում են առանձին-առանձին մասնակցել հոկտեմբերին նախատեսված ընտրություններին:

Սոսո Ցինցաձեն ասաց, որ Վրաստանում ձևավորված հասարակական հստակ տրամադրություններ չկան ընտրություններին ընդառաջ: Ըստ նրա, ավելի շատ տպավորություն կա, որ ընտրողները դեռ չեն կողմնորոշվել: Ցինցաձեի համոզմամբ, ընտրողները, սակայն, վաղուց կողմնորոշվել են, որ ցանկանում են ապրել եվրոպական տիպի երկրում և աջակցելու են նման կողմնորոշում ունեցող քաղաքական ուժի: Ուստի, վրացի վերլուծաբանի խոսքով, հիմնական պայքարը որոշ նրբություններով արևմտյան ուժերի միջև էլ ծավալվելու է:

«Խոսքը «Վրացական երազանք» կուսակցության և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների մասին է: Նրանց միջև կընթանա գլխավոր պայքարը, այսինքն, պայքարը մեծամասնության համար: Սակայն դեռ շատ վաղ է ասել, թե որ կողմի դիրքերն են ավելի ամուր ու կայուն, քանի որ երկու կուսակցություններն էլ ազդեցություն ունեն երկրում: Պետք է նշել, որ կան հիասթափություններ իշխող կոալիցիայից, բայց դժվար է ասել, թե դրանք ինչպես կարտացոլվեն ընտրությունների վերջնական ելքի վրա»,- ասաց Ցինցաձեն:

Վերջինս նշեց նաև, որ ընտրություններին ընդառաջ՝ մի շարք կուսակցություններ ևս ձևավորվեցին: Սակայն, նրա խոսքով, այդ կուսակցությունների հնարավորությունների մասին խոսելն անիմաստ է, քանի որ, այնուամենայնիվ, դրանք չունեն ազդեցություն և ընտրազանգված, այլ պարզապես փորձում են մեծ կուսակցությունների հետ կոալիցիաների միջոցով իրենց տեղը ստանալ իշխանական կոալիցիայում: Սոսո Ցինցաձեն տեղեկացրեց, որ Վրաստանում և ԱՄՆ-ում արդեն մի քանի սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել Վրաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ և պարզվել է, որ հասարակության մեծամասնությունը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին պետք է քվեարկի:

Ինչ վերաբերում է արտաքին խաղացողներին, ապա, Ցինցաձեի կարծիքով, Վրաստանում կան ռուսամետ կուսակցություններ, սակայն դրանք զրոյական հնարավորություններ ունեն, ուստի Ռուսաստանի հույսն այն է, որ այս անգամ ևս Վրաստանում կհաղթի Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը, որը Ռուսաստանին կապահովի Վրաստանում ստատուս-քվոյի պահպանմամբ:

Ըստ նրա, կարևոր է, որպեսզի Ռուսաստանը վստահ լինի, որ Վրաստանում իր համար անակնկալներ չեն լինելու: Անակնկալների դեպքում, Ցինցաձեի խոսքով, դժվար է ասել, թե Ռուսաստանը տարածաշրջանային և ներվրաստանյան ինչպիսի քայլեր կսադրի: Նրա որակմամբ, իրադարձություններն անկանխատեսելի ընթացք կարող են ստանալ:

Տեսանյութեր

Լրահոս