
Գյումրիում պայթունի հետևանքով հոսպիտալացվածներից մեկը կտեղափոխվի Երևան

Գազալցակայանում պայթունի հետեւանքով Գյումրիում հոսպիտալացված 2 տուժածներից մեկին օգոստոսի 6-ին կտեղափոխեն Երևան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրիի բժշկական կենտրոնից, տուժած Արամ Հովհաննիսյանին կտեղափոխեն Երևան հարազատների ցանկությամբ: Մյուս տուժածի վիճակն գնահատվում է բավարար:
Հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկն ունեցել է դեմքի, վերին վերջույթների, կրծաքանդակի բազմաթիվ սալջարդ-վերքեր, իսկ մյուսը` սրունքի բազմաբեկորային կոտրվածք, տրավմատիկ շոկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 5-ին` ժամը 12.51-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի՝ պատահական անցորդ եւ գազալցակայնի աշխատակից: